ՀՀԿ-ն արդեն վախեցնում է. ի՞նչ է, ի վերջո, կատարվում

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում չի բացառել դեկտեմբերին նախատեսվող խորհրադարանական արտահերթ ընտրություններում ՀՀԿ-ի չառաջադրվելը: Լրագրողի հարցին, թե Հանրապետականը մասնակցելո՞ւ է, արդյոք, արտահերթ խորհրդարանական ընտրություններին, Վահրամ Բաղդասարյանը պատասխանել է. «Այդպիսի հարց չի քննարկվել: Երբ պարզ կլինի ընտրությունների օրը, այդ ժամանակ քննարկենք»: Հիշեցնենք, որ ՀՀԿ-ն հայտարարություն էր տարածել այն մասին, որ չեն առաջադրելու վարչապետի թեկնածու, նման մտադրոթյուն ընդհանրապես չունեն և հավատարիմ մնալով կառավարությանը չխոչընդոտելու որոշմանը՝ միաժամանակ համարում են, որ դեկտեմբերի արտահերթ ընտրությունը սխալ ժամկետ է: ՀՀԿ վերջին օրերի պահվածքը չափազանց տարօրինակ է. մե՛րթ ապստամության դրոշ են բարձրացնում, մե՛րթ ընդունում խոնարհ  հարսի կեցվածք: Հիմա էլ, փաստորեն, Բաղդասայանի հայտարարությունից ստեղծվում է այնպիսի տպավորություն, որ առաջիկա ընտրություններին ՀՀԿ-ն առհասարակ չի մասնակցելու՝ փաստացի նախընտրելով անցումը արտախորհդարանական քաղաքական գործունեությանը: Այսինքն՝ այն ուժը, որը մի քանի օր առաջ փոթորկում ու գռմռում էր՝ տպավորութուն ստեղծելով, թե ոչ մի պարագայում չի հանձնվելու, այսօր արդեն  փաստացի հայտարարում է  զենքերը վայր դնելու մասին: Իհարկե, միգուցե նման իրավիճակը շատերը կարող են պայմանավորել բացառապես ժողովրդի ճնշման գործոնով, կարող են նույնիսկ համարել հայաստանյան նորածին ժողովրդավարության յուրատեսակ արտահայտչաձև կամ դրա արդյունք, սակայն միանշանակ է, որ ՀՀԿ-ի պահվածքն այնքան էլ  բնական չէ՝ հակասող բնության տարրական օրենքներին անգամ. ասես ինքնապահպանման բնազդն այս կուսակցությունում մեռել է: Հարցն այս պարագայում, թեևս, մեկն է՝ ինչո՞վ է, այնուամենայնիվ, պայմանավորված  մի քանի ամիս առաջ հավերժ թվացող քաղաքական ուժի նմանօրինակ պարտվողական պահվածքը: Պայմանավորված է բացառապես երկրի ճակատագրով մտահոգ լինելու փաստո՞վ, թե այնտեղ ինչ-որ բան գիտեն, որը չգիտի հասարակությունը կամ մյուս քաղաքական ուժերը, ու փորձում են ժամ առաջ «ձեռքերը լվալ»: Իսկ միգուցե խորհրդարանից հեռանալն այն միակ ճանապարհն է, որը թույլ կտա այս ուժին պահպանել սեփական գոյությունն ու իսկապես ինքնամաքրվե՞լ, զտվե՞լ: Հարցերի այս շարքը կարելի է շատ երկար շարունակել, սակայն միանշանակ է, որ ՀՀԿ-ի պահվածքը չափից դուրս խորհրդավոր է թվում ու նույնիսկ վախեցնող… Norlur.am
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.