Հայաստանի մեծացող դերը. Արմեն Սարգսյանի գործոնը սկսում է աշխատել

Հոկտեմբերի 3-ին Նյու Յորքում տեղի ունեցած Արևելք-Արևմուտք ինստիտուտի ամենամյա 25-րդ Գալա մրցանակաբաշխությանը ինստիտուտի համահիմնադիր, ամերիկացի դիվանագետ Ջոն Էդվին Մրոզի անվան Համաշխարհային պետական գործչի մրցանակն այս տարի շնորհվել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին: «Ինձ համար մեծ պատիվ է այստեղ ներկայացնել իմ ժողովրդին ու պետությունը: Ես իսկապես ունեմ ապագայի մասին երազանք կամ տեսլական, որը ներառում է նաև այն փաստը կամ իրողությունը, որին մենք առերեսվում ենք. այն է՝ ուր է շարժվում աշխարհը: Ես իսկապես հավատում եմ, որ 21-րդ դարը Հայաստանի դարն է, հետևաբար, կարծում եմ, որ մենք հաղթանակած ենք լինելու: Ուրախ եմ հայ ազգի մասը լինել»,-հայտարարել է Արմեն Սարգսյանը՝ ելույթ ունենալով հավաքվածների առաջ: Հայտնի է դարձել նաև, որ Արմեն Սարգսյանը Հայաստան է հրավիրել իր վաղեմի բարեկամ Հենրի Քիսինջերին, ով սիրով համաձայնել է այցելել Հայաստան: Ինչպես հայտնի է, Քիսինջերը համարվում է անդրկուլիսյան համաշխարհային քաղաքականության կարևորագույն դերակատարներից մեկը, մարդ, ով իր աշխատանքային հարուստ գործունեության ընթացքում  կարողացել է մեծագույն հետք թողնել գլոբալ աշխարհաքաղաքական զարգացումների վրա: Իրականում տեղի ունեցածը հսկայական նշանակություն ունեցող իրադարձություն է ոչ այնքան երևիթե Արմեն Սարգսյանի համար, որքան Հայաստանի Հանրապետության ու հայության: Ակնհայտորեն նման կարևոր մրցանակի հանձնման ժամանակահատվածը պատահականության սկզբունքով չէ, որ ընտրվել է: Հայաստանն այժմ ապրում է անցումային ժամանակաշրջան, ուր արմատավորվում են արևմտյան արժեքներն, երկիրը փորձում է այլևս նոր արժեհամակարգային կրեդոյի վրա կառուցել իր հետագա զարգացման ընթացքը: Կարելի՞ է, արդյոք, Արմեն Սարգսյանին տրված մրցանակը համարել՝ Արևմուտքից Հայաստան ուղարկված  ազդանշան ու, մասնավորապես, նույն համաշխարհային հայության համաշխարհային գործընթացների վրա ունեցած ազդեցության մեծացման նախանշան: Գեթե կասկած չկա, որ ամեն բան հենց այդպես է, որ կա: Հայությունը համաշխարհային ազգ է՝ մեծ պոտենցիալով, հանճարեղ, ազդեցիկ զավակներով: Իսկ գլոբալիզացված աշխարհում նմանօրինակ ռեսուրսի չօգտագործումը հանցավոր անտարբերություն կլիներ աշխարհի ճակատագիրը կերտողների կողմից: Վերջիններս ակնհայտորեն որոշել են օգտագործել համաշխարհային հայության ներուժն, ինչն, անկասկած, չի կարող ուրախալի չհամարվել ոչ միայն հայության՝ որպես էթնոսի՝ աշխարհում ունեցած դիրքերի ամրապնդման տեսանկյունից, այլև անմիջապես Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ու միջազգային դիրքերի ամրապնդման առումներով: Ժամանակին Կոլին, Բուշին ու Քիսինջերին տրված մրցանակի հանձնումը Արմեն Սարգսյանին չի կարող պատահականություն լինել կամ սահմանափակվել զուտ սուբյեկտիվ շրջանակներով՝ ասենք Սարգսյանի՝ Հայաստանի ունեցած դիրքերի ամրապնդման. Հայաստանը դառնում է գլոբալ գործընթացների անքակտելի, կարևոր մաս: Մնում է միայն  պատրաստ լինել այն դերակատարմանը, որով աշխարհի տերերը որոշել են օժտել Հայաստանին ու հայերին. 21-րդ դարը կարող է իսկապես մերը դառնալ: Norlur.am
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.