ԲՀԿ-ն պատրաստ է քննարկումներ սկսել արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ․ Վահե Էնֆիաջյան

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն անհիմն է համարում մեղադրանքները, որ ԲՀԿ-ն ՀՀԿ-ի հետ փորձում է տապալել արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելը։ Նա ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում շեշտեց, որ իրենց կուսակցության անդամը՝ Գևորգ Պետրոսյանը, ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխություն է առաջարկել՝ զուտ իրավական կարգավորումներից ելնելով։ Նա հայտարարեց՝ ԲՀԿ-ն պատրաստ է քննարկումներ սկսել արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ։ «Գործընթացը խոչընդոտելու որևէ միտում ԲՀԿ-ն չունի»,- շեշտեց նա։ Հարցին, որ մտահոգություններ կա՞ն, որ եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական, ապա մյուս քաղաքական ուժերի կողմից կարող է վարչապետի այլ թեկնածու առաջադրվել, ԱԺ նիստերն այնքան հետաձգել, որ ընտրվի իրենց հարմար թեկնածուն, Էնֆիաջյանը պատասխանեց. «Վաղը մենք քվեարկությամբ մեր դիրքորոշումը կհայտնենք, բայց վստահեցնում եմ ձեզ՝ խոչընդոտելու միտում մենք չենք ունեցել, և չի էլ կարող լինել: Մեր միտումը հետևյալն է՝ ունենալ քննարկումներ առաջիկայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու համար»: Ըստ նրա՝ վաղը՝ խմբակցության նիստի ժամանակ, կորոշվի՝ ԲՀԿ-ն ԱԺ կանոնակարգ-օրենքի փոփոխությանը կողմ, թե դեմ կքվեարկի։ Միևնույն ժամանակ նա նկատեց, որ ԱԺ բնականոն գործունեությունը միշտ պետք է ապահովվի, սակայն որևէ օրենսդրական նախաձեռնությունն այսրոպեական լուծում չպետք է ունենա։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.