Բաժին : Քաղաքականություն
Վարչապետի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ` ուսումնասիրելու գազի գնագոյացման գործոնները. Շուշան Սարդարյան
Գազի և էլեկտրաէներգիայի գնի հիմնավորվածությունը ուսումնասիրելու նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի հարցի քննարկմանը ՀՀԿ պատգամավոր Շուշան Սարդարյանը տեղեկացրեց, որ սեպտեմբերի 20-ին վարչապետի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ՀՀ-ում բնական գազի գնագոյացման վրա ազդեցություն ունեցող գործոնների և բաղադրիչների ամբողջական ուսումնասիրության հետ կապված:
Սարդարյանը նաև նշեց, որ հաստատվել է անհատական կազմը իրավասու կողմերի ներգրավմամբ: Նա հանձնաժողովը ստեղծելու նախաձեռնության հեղինակ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանից հետաքրքրվեց, թե կառավարության աշխատանքային խմբի հետ համագործակցություն լինելո՞ւ է, թե՞ ոչ:
Միքայել Մելքումյանն ասաց, որ տեղեկացված է և նաև իրենց համաձայնությամբ ներգրավված է այդ աշխատանքներում: Ըստ նրա՝ ԱԺ-ի և կառավարության ընդհանուր նպատակներն, իհարկե, նույնն են:
«Քննարկել են և ժողովրդին ասել՝ սակագների հիմնավորվածությունն ինչպիսին է, եթե կան ռեզերվներ՝ գնան, եթե ոչ, առանց վնասելու բիզնես միջավայրին փորձեն գործել:
Չեմ կարծում, թե շատ տարբերություններ լինելու են, այլ հարց է, թե մասնագիտական ինչ մոտեցումներ կլինեն, օրինակ՝ շահութաբերության մակարդակի կամ ներդրումների մակարդակի մասով»,-ասաց նա: