Ալիևը՝ պատային իրավիճակում. Հայաստանի հնարավորությունը

Առաջիկայում սպասվող Մնացականյան- Մամեդյարով հանդիպման նախօրեին Բաքուն կարծես կրկին սկսել է  հոխորտանքների հերթական չափաբաժինը տեղալ, որի հիմնական շահառուն ակնհայտորեն ավելի շուտ արտաքին աշխարհն է, քան Հայաստանը: Այսպես՝ սեպտեմբերի 21-ին Ալիևը ադրբեջանական Միլլի Մեջլիսում հայտարարել էր՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղին անցնում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ապահովման միջով. Լեռնային Ղարաբաղը չի կարող կարգավիճակ ունենալ Ադրբեջանի ինքնիշխանությունից դուրս: Իր հերթին Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայությունն է արձագանքել  ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի՝ հայ ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի վերաբերյալ կատարած հայտարարությանը՝ նշելով. «ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը, խոսելով հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակի մասին, խախտում է իր պաշտոնական լիազորությունները և դուրս է գալիս կազմակերպության մանդատից: Հայաստանի քաղաքացիություն ունեցող գլխավոր քարտուղարի հայտարարությունը սուբյեկտիվ և կողմնակալ է և հակասում է կազմակերպության անդամ պետությունների դիրքորոշմանը, բացառությամբ Հայաստանի, հակամարտության վերաբերյալ»: Հայտնի է դարձել նաև, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ արձագանքել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցին՝ Լեռնային Ղարաբաղ: «Հայաստանի ղեկավարության այցը Ադրբեջանի օկուպացված տարածքներ և կատարված ագրեսիվ հայտարարությունները Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման նախաշեմին վկայում է հայկական ղեկավարության կողմից դիտավորյալ իրավիճակը բարդացնելու մտադրությունների մասին»,-ասված է Ադրբեջանի ԱԳՆ կողմից տարածված հաղորդագրության մեջ: Այս ամենին զուգահեռ  ստացվել է ուղերձ՝ ՆԱՏՕ-ից. Բաքվում Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլլերը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին ակտիվացնել ջանքերը ղարաբաղյան խնդրի կարգավորման ուղղությամբ: «Մենք աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբին և կոչ ենք անում Ադրբեջանի և Հայաստանի կառավարություններին՝ ջանքեր գործադրել հակամարտության խաղաղ լուծմանը հասնելու համար»,- հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը: Իրականում Բաքվի լկտի պահվածը ոչ այլ ինչ է, քան խորը հիասթափության արդյունք, որի գեներացմանն ակնհայտորեն նպաստել է առաջին հերթին  մի քանի օր առաջ կայացած Պուտին-Էրդողան հանդիպումը, ուր, ինչպես հայտնի է, շատերի համար անակնկալ կերպով երկու երկրների առաջնոդներին հաջողվել էր բացառիկ համաձայնության հասնել սիրիական Իդլիբի շուրջ: Ավելին՝ փոքրիկ խանի տրամադրության կտրուկ անկման վրա իր ուրույն ազդեցությունը կարող է թողած լինել նաև Թրամփի՝ Փաշինյանին Անկախության օրվա առթիվ հղած  շնորհավորական ուղերձն, ուր ինչպես հայտնի է, ԱՄՆ նախագահը հատկապես կենտրոնացել էր արցախյան հակամարտության շուտափույթ կարգավորման հնարավորության վրա: Ինչ վերաբերում է Խաչատուրովի հայտարարությանն, ապա միանշանակ է, որ ՀԱՊԿ-ի՝ շատերի համար անակնալ դարձած արձագանքը նույնպես չի նպաստել Բաքվի փայփայած հույսերի արդարացմանը: Ի դեպ՝ հայկական կողմի վերջին պատժիչ գործողությունները նույնպես ակնհայտորեն իրենց դերն այս հարցում խաղացել են, ու Բաքվում, ըստ էության, հասկացել են, որ գործ ունեն այլևս ոչ թե ընդամենը  պաշտպանական մարտավարություն դրսևորած պետության, այլ՝ հարկ եղած դեպքում և հուժկու հարվածներ հասցնել չվարանող նոր Հայաստանի, ինչն, անկասկած, շատ իմաստներով տհաճ անակնկալ է ադրբեջանական փտած էլիտայի համար: Ակնհայտ է, որ Մնացականյան-Մամեդյարով  հանդիպումից առաջ Բաքուն կրկին փորձում է յուրատեսակ շանտաժի մթնոլոտ ստեղծել՝ աշխարհին ու սեփական բնակչությանը հասկացնելու, համոզելու, որ միջազգային հանրության խաղաղասիրական կոչերը չեն կարող զսպել Ալիևի ախորժակը. ամեն ինչ կամ պատերազմ՝ ահա Բաքվի շանտաժի բուն էությունը: Ակնհայտ է, սակայն, որ նույն միջազգային հանրությունը  ցանկության դեպքում կարող է զսպել Ալիևի լկտի պահվածքը. դրա համար աշխարհի տրամադրության տակ կան բազմաթիվ հետարքրիր գործիքներ, որոնք այնպիսի ցնցման մեջ կարող են գցել  բացառապես որպես նավթահոր ընկալվող պետության ղեկավարությանը, որ վերջինս հավետ ստիպված կլինի մոռանալ Արցախի մասին՝ պարտադրված լինելով կանխել սեփական երկրի փլուզումը հենց ներսից: Ալիևի պահվածքը վկայում է մեկ բանի մասին՝ Բաքվի նպատակները ձախողվում են ու բեղավորին չի հաջողվում վաստակել պատերազմի իրավունք, ինչը, սակայն, պետք է Հայաստանին ոչ թե գցի հաճելի թմբիրի մեջ, այլ առիթ դառնա է՛լ ավելի մեծ  փութաջանությամբ ամրապնդվելու հատկապես ռազմաքաղաքական առումով: Norlur.am                  
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.