Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն է բաշխել ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին

Օգոստոսի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի Նյու Յորքի Սրբոց Նահատակաց եկեղեցու շուրջ 30 ուխտավորների` առաջնորդությամբ եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Աբրահամ քահանա Մալխասյանի։ Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից: Հայցելով Նորին Սրբության օրհնությունը՝ Տեր Հայրն իր երախտագիտության խոսքերն ուղղեց Վեհափառ Հայրապետին ընդունելության համար` նշելով, որ ուխտավորների մեծ մասը առաջին անգամ է Հայաստանում։ Տեր Աբրահամը Հովվապետին ներկայացրեց նաև համայնքի կյանքը, անդրադարձավ ամենօրյա, շաբաթօրյա և կիրակնօրյա դպրոցների գործունեությանը, որոնց շնորհիվ հայորդիները հաղորդ են դառնում մայրենի լեզվին ու հայ մշակույթին։ Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրական օրհնությունը բաշխեց հավատացյալ ուխտավորներին` կարևորելով նրանց այցը Հայրենիք: Նորին Սրբությունը խոսեց յուրաքանչյուր հայորդու կյանքում Սուրբ Էջմիածնի դերի և կարևորության մասին, ապա անդրադարձավ ազգի առաջ ծառացած մարտահրավերներին, որոնց հայ ազգը դիմագրավում է իր հոգևոր ներուժի և հավատքի միջոցով։ Վեհափառ Հայրապետը բերկրանքով արձանագրեց, որ իր ԱՄՆ այցելությունների ընթացքում մշտապես նկատել է հայ համայնքի հոգևոր ծաղկուն վիճակը՝ դրանում մեծ նկատելով նախկին և ներկա հոգևոր հովիվների վաստակը: Այս կապակցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր մասնավոր գնահատանքը բերեց Աբրահամ քահանային նվիրյալ և արդյունաշատ ծառայության համար: Նորին Սրբությունը նաև կարևորեց այն հետևողականությունը, որով հայերը հետագա սերունդներին են փոխանցում հայոց լեզուն և բազմադարյա հայ մշակույթը` հորդորելով նույն նախանձախնդրությամբ և ջերմեռանդությամբ շարունակել իրենց նվիրյալ ծառայությունը։ Հանդիպման վերջում հավատացյալները իրենց հարցերն ուղղեցին Վեհափառ Հայրապետին, որոնք վերաբերում էին միջեկեղեցական հարաբերություններին և ներհայաստանյան զարգացումներին։ Անդրադառնալով հայաստանյան վերջին իրադարձություններին` Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուխտավորներին ներկայացրեց իր դիտարկումները, ապա լուսավոր Հայաստանի կերտման գործում կարևորեց ՀՀ իշխանությունների, Եկեղեցու և ժողովրդի միասնական ջանքերն ու հանձնառության ոգին: Հանդիպման վերջում Աբրահամ քահանան Վեհափառ Հայրապետին փոխանցեց Կարապետյան ընտանիքի նվերը Սուրբ Էջմիածնին՝ Մխիթար վարդապետ Սեբաստացու աշխատասիրությամբ 1733 թվականին տպագրված Աստվածաշունչը։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.