Վարդան Բոստանջյանի պատգամավորական մանդատը փոխանցվեց Այծեմնիկ Օհանյանին

Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանի մանդատը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը փոխանցեց Այծեմնիկ Օհանյանին։ Այս մասին օգոստոսի 14-ին կայացած ԿԸՀ հերթական նիստում հայտարարեց հանձնաժողովի նախագահի տեղակալ Լաուրա Գալստյանը: «Օգոստոսի 8-ին ԱԺ նախագահ Արա Բաբլոյանից արձանագրություն է ստացվել ԱԺ պատգամավոր Վարդան Բոստանջյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու մասին: Ղեկավարվելով ՀՀ ընտրական օրենսգրքի 100-րդ հոդվածի 3-րդ մասով, ԿԸՀ-ն կազմել է արձանագրություն` «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Այծեմնիկ Հայկի Օհանյանին մանդատ տալու վերաբերյալ»,- ասաց Գալստյանը: Նիստի հաջորդ հարցով հանձնաժողովը վերացրեց ԿԸՀ-ում ԶԼՄ ներկայացուցիչների հավատարմագրման սահմանափակումը: Այժմ ցանկացած զանգվածային լրատվության միջոց կարող է հավատարմագրել անսահմանափակ թվով ներկայացուցիչների: «Նախկինում ցանկացած ԶԼՄ կարող էր հավատարմագրել առավելագույնը 50 ներկայացուցիչ: «Ասպարեզ» ակումբը դիմեց ՍԴ, վիճարկեց այդ նորմը, և 2017թ.-ի դեկտեմբերին այդ դրույթը ճանաչվեց հակասահմանադրական ու ԱԺ-ն այն հանեց: ԿԸՀ-ն էլ ընտրական օրենսգրքի հիման վրա պարտավոր էր կատարել այդ փոփոխությունը»,- ասաց ԿԸՀ անդամ Նունե Հովհաննիսյանը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.