Հայաստանի շուրջ օղակը սեղմվում է

Ինչպես տեղեկացնում է «Ռիա Նովոստին», Պուտին-Նազարբաև վերջին հանդիպման առաջնային թեմաներից մեկը դարձել է ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի՝ Յուրի Խաչատուրովի շուրջ ստեղծված իրավիճակը: «Թեմաներից մեկը, որ պետք է քննարկենք, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցն է, որը մեզ համար պրոբլեմային է դարձել»,-մասնավորապես՝ հայտարարել է Նազարբաևն, ինչին ի պատասխան ՌԴ ղեկավարն ասել է. «Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի շրջանակներում առավել լայն հարաբերություններին, ապա այստեղ առկա է բավական հագեցած օրակարգ, կան մեծ ծրագրեր, ինչպես նաև խնդրահարույց հարցեր, որոնց մասին դուք հենց նոր հիշատակեցիք»: Գաղտնիք չէ, որ  թե՛ ՀԱՊԿ-ը, թե՛ ԵԱՏՄ-ն բնավ միասեռ կառույցներ չեն. շատ իմաստներով դրանք միանգամայն արհեստական հողի վրա ստեղծված միություններ են, որոնց հիմնական նպատակները երկուսն են՝ Ռուսաստանի անվտանգային գոտու  ընդլայնումն ու աշխարհաքաղաքական ազդեցության մեծացումը: Վերջին շրջանում Հայաստանում հնչում էին հիմնավորված կարծիքներ, որ Խաչատուրովի շուրջ ստեղծված տհաճ իրավիճակը չի կարող աննկատ մնալ ՀԱՊԿ որոշ գործընկերների կողմից, ու նույն Ղազախստանն ու Բելառուսն առիթը բաց չեն թողնելու՝ եղածը Հայաստանի «երեսով տալու» ու ստեղծված իրավիճակը հօգուտ իրենց ծառայեցնելու (այս երկուսն ՀԱՊԿ-ում ակնհայտորեն իրենք իրենց Ադրբեջանի հատուկ ներկայացուցիչների դերում են զգում՝ անթաքույց կերպով առաջ տանելով Բաքվի շահերն ու վնասելով Հայաստանին): Ակնհայտ է, որ Նազարբաևի խոսքերն այդ ամենի նյութական ապացույցն են ու վկայում են այն ոգևորության մասին, որ այժմ տիրում է ՀԱՊԿ պրոադրբեջանական շրջանակներում: Գլխավոր հարցն այժմ ընդամենը մեկն է՝ ի՞նչ հակազդեցության կհանդիպի Նազարբաևի ոգևորությունը Պուտինի կողմից կամ, առհասարակ, կհանդիպի՞, թե՞ ոչ՝ հաշվի առնելով Կրեմլի՝ Խաչատուրովի շուրջ ստեղծված իրավիճակի նկատմամբ դրսևորած ծայրահեղ նբրազգացությունը: Մյուս կողմից՝ հարց է, թե արդյոք Նազարբաևի ցուցադրական հայտարարությունը նախապես համաձայնեցված չի՞ եղել Պուտինի հետ՝ ի լուր Երևանի, եթե եղել է, ապա ի՞նչ է փորձում Մոսկվան ակնարկել դրանով հայաստանյան իշխանություններին, շանտաժի տարրեր կա՞ն դրանում, թե՞ ոչ: Առայժմ միանշանակորեն դժվար է որևիցե բան համոզված պնդել, քանի որ միայն ենթադրել կարելի է, թե ինչ է կատարվել կուլսների հետևում նախքան Նազարբաևի արած հայտարարությունը, սակայն կասկած չի հարուցում այն, որ գոնե այժմ Մոսկվայի շահերից չի կարող բխել Հայաստանի՝ ՀԱՊԿ-ում ունեցած դիրքերի թուլացումը՝ պայմանավորված, թերևս, մի քանի պատճառներով. նախ՝ Անդկովկասում խաղաղության պահպանման խնդիր կա այսօր, ու ՀԱՊԿ-ում ՀՀ նախագահությունը կարղ է զսպիչ գործոն հանդիսանալ Բաքվի համար, որը, շունչը պահած, ուշիուշով հետևում է տեղի ունեցող պրոցեսներին ու իր մասին պարբերաբար հիշեցնում (Նախիջևանի ուղղությամբ օգոստոսի 12-ին տեղի ունեցածը դրա վառ ապացույցն է), բացի դա՝ պետք է նկատի ունենալ, որ վերջին շրջանում բավական խնդրահարույց են ռուս-ղազախական ու ռուս-բելառուսական հարաբերություններն, ու Մոսկվան այս պարագայում ներհապկյան հակակշռի կարիք իսկապես ունի (պատահական չէ, որ ժամանակին հենց Կրեմլի անմիջական միջատության արդյունքում հնարավոր դարձավ ՀԱՊԿ նախագայության հանձնումը Հայաստանին)՝ ի դեմս վստահելի ու կանխատեսելի Երևանի: Իսկ թե կոնկրետ ինչ արդյունքների կհանգեցնի Պուտին-Նազարբաև հանդիպումն ու ինչպես այն կանդրադանա ՀԱՊԿ-ում մեր երկրի ունեցած դիրքերի վրա, թերևս, առայժմ դժվար է ասել, սակայն միանշանակ է, որ ստեղծված իրավիճակում հայաստանյան իշխանությունները պարտավորված են լինելու ծայրահեղ զգուշավորություն դրսևորել ու «կրակին յուղ ավելացնողի» դերում հանդես չգալ. չափից դուրս ինքնավստահությունը կարող է չար կատակ դառնալ Հայաստանի Հանրապետության գլխին: Norlur.am                    
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.