Փաշինյանին սկսել են կասկածել

Գաղտնիք չէ, որ «Մարտի 1-ի» գործի շուրջ ընթացող գործընթացներն ու, առհասարակ, գործն ինքնին այժմ հայտնվել է միջազգային լրջագույն ուշադրության կենտրոնում. թե՛ ՌԴ-ն, թե՛ ԱՄՆ-ն բաց տեքստով հայտարարում են, որ ուշիուշով հետևում են գործի ընթացքին ու կարևորում դրա անաչառությունն ու լիարժեք հանգուցալուծումը: 168.am-ի հետ զրույցում գերմանացի քաղաքագետ Ուվե Հալբախն, անդրադառնալով 2008-ի մարտի 1-ի դեպքերի քննության շուրջ զարգացումներին, հայտարարել է, որ Հայաստանի հասարակության համար վստահելի քննության իրականացումը ՀՀ իշխանությունների հեղինակության հարցն է՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին: «Հաշվի առնելով նախկին նախագահների ունեցած կապերը ողջ աշխարհում, երկրի վարկանիշը, նոր իշխանությունների և տեղի ունեցած հեղափոխության վարկանիշը, իսկապես պետք է հասնել տեղի ունեցած դեպքերի բարդությանը համարժեք քննության, իսկ դա, որքան ես եմ հասկանում, բազմաշերտ ու բարդ գործընթաց է, որը 10 տարի անց փաստերի բացակայության և ոչ բավարարության պայմաններում դժվար է քննել այնպես, որ բոլոր կողմերի ակնկալիքները բավարարվեն»,-հայտարարել է գերմանացի փորձքագետն ու հավելել՝ միջազգային մասնագետներից կամ քննիչներից բաղկացած խումբ կարող է ներգրավվել այս գործերի բացահայտմանը, եթե դա ցանկանան Հայաստանում. աշխարհում կա նման պրակտիկա, ինչը սովորաբար կիրառվում է քաղաքական լուրջ հակասությունների առկայության պարագայում, բարձր անվստահության մթնոլորտի առկայության պարագայում: «Չեմ կարող նաև ասել, թե նոր մասնագետները որքանով հեշտ կարող են ներդրվել այս աշխատանքին, որքանով դա ժամանակատար կլինի, սակայն դա ներգրավված արտաքին կողմերին, ինչպես նաև հայ հասարակությանը վստահություն կտա, որ գործընթացը վստահելի է, ամբողջական. դա կհարթի այն խնդիրները, որոնք կարող են առաջանալ Հայաստանի արտաքին գործընկերների հետ այս գործի քննության թվացյալ կամ իրական ապօրինի ընթացքի պարագայում»: Այն, որ արդարադատության ոլորտում «Մարտի 1-ի» գործը հեղափոխական իշխանությունների ամենալուրջ քննությունը պետք է դառնար ոչ միայն հայ հասարակության, այլև միջազգային հանրության մոտ, պարզ էր ի սկզբանե: Գործն  իսկապես առասպելական մասշտաբների է, ինչը նշանակում է, որ մեծագույն ցանկության դեպքում անգամ իշխանություններին չէր կարող հաջողվել խուսափել լայն արձագանքից՝ թե՛ ներսում, թե՛ դրսում: Կարելի՞ է, արդյոք, Ուվե Հալբախի հայտարարություններում նշմարել ոչ միայն նրա անձնական տեսակետն, այլև Արևմուտքում տիրող տրամադրոթյունները՝ հայաստանյան գործունթացների հետ կապված՝ առհասրակ: Ակնհայտ է, որ հայտարարությունը, որը, փաստորեն, հնչում է վիկիլիքսյան հրապարակումների  հիման վրա Արմեն Գևորգյանի դեմ  հարուցված քրեական գործի ֆոնին, պետք է շատ իմաստներով տհաճ ազդանշան դիտարկել՝ ուղղված նախևառաջ իշխանություններին: Գլխավոր հարցն այստեղ այն է, սակայն, թե կոնկրետ ի՞նչն է կասկածելի թվում Արևմուտքում, վիկիլիքսյան հրապարակումները հիմք ընդունելու փա՞ստը, թե՞  իշխանությունների ձգտումը՝ այսպես ասած՝  գործը դուրս չբերելու հայաստանի սահմաններից: Իսկ միգուցե գերմանացի վերլուծաբանն այսպիսով փորձում է արդարացնե՞լ Արևմուտքի՝ հայկական հեղափոխության հանդեպ դրսևորվող սառնասրտությունը՝ մեղքը բարդելով հենց Փաշինյանի վրա կամ ակնարկելով ոմանց ունեցած ազդեցիկ կապերի մասին՝ գուցե փորձում է հասկացնել, որ ցանկացած «ինքնագործունեություն» համապատասխան հակազդեցության կարժանանա միջազգային հանրության կողմից, ու առանց այդ հանրության ներգրավվածության գործը գլուխ չի գալու, հարցը մնալու է բաց… Բոլոր դեպքերում կասկածից վեր է այն, որ «Մարտի 1-ի» գործը դրա ծագման առաջին իսկ օրվանից չի սահմանափակվում միայն Հայաստանի սահմաններով. դրա հնչեղությունն այնքան ուժեղ է, որ նույնիսկ 10 տարի հետո էլ  հնարավոր է  դառնում հստակորեն լսել դրա արձագանքները: Սեղանին ակնհայտորեն դրված է ավելին, քան պարզապես հայաստանյան արդարադատության համբավն է, ու կարևորագույն շատ հարցերի պատասխաններ կախված են լինելու նաև նրանից, թե ինչ հանգուցալուծում կգտնի «Մարտի 1-ի գործ» կոչվածը: Norlur.am          
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.