ՀՅԴ-ն միացավ Քոչարյանին. հակահեղափոխության ստվերը

2008թ. արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար Արմեն Գևորգյանին առաջադրված մեղադրանքի ֆոնին ՀՅԴ-ն տարածել է հայտարարություն, որով ամբողջությամբ, ըստ էության, միացել է Քոչարյանի խափանման միջոցը փոխելու ստորագրահավաքին: «ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն որևէ անպատեհություն չի տեսնում, որ Դաշնակցության խորհրդարանական խմբակցության պատգամավորները միանան Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու ստորագրահավաքին։ Այս մոտեցումը մեր հայտարարության տրամաբանության համատեքստում է. նոր Հայաստանում արդարադատությունը որևէ պարագայում չպետք է լինի կողմնակալ»-մասնավորապես՝ ասված է հայտարարույան տեքստում ։ Մյուս կողմից՝ հայտնի է  դարձել նաև, որ հուլիսի 31-ից ՀՀԿ-ի նախաձեռնությամբ սկսված ստորագրահավաքում արդեն հավաքվել է 45 ստորագրություն: «Կան ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի, ԱԺ 2 փոխնախագահների ստորագրությունները»,-հայտարարել է Վիկտոր Սողոմոնյանը մամլո ասուլիսում: Հեղափոխությունից հետո ամենաանորոշ վիճակում հայտնված քաղաքական ուժը, թերևս, ՀՅԴ-ն է դարձել. չունենալով այլևս հենարան՝ կուսակցության ճակատագիրը նույնիսկ շատ ՀՅԴ-ականների համար այսօր իսկապես անհայտ է մնում: Շատերը ՀՅԴ-ի՝ Քոչարյանի շուրջ ընթացող պրոցսների հանդեպ որդեգրած դիրքորոշումը համարում են ընդամենը բարոյական պարտքի փոխհատուցում. Քոչարյանն է դաշնակցականներին ժամանակին ազատել բանտերից, նրանք էլ ուզած-չուզած, կեղծավորաբար, թե անկեղծորեն այժմ իրենց աջակցությունն են հայտնում Քոչարյանին՝ պարզապես ժամանակին արված լավության տակից դուրս գալու համար: Այս տարբերակն, իհարկե, գոյության իրավունք կարող է ունենալ, սակայն միևնույն ժամանակ այն ինքնին չի բացառում մեկ այլ տարբերակ ևս, համաձայն որի՝ իրականում ՀՅԴ-ի կեցվածքն, ինչպես և այս կուսակցության նախկին կոալիցիոն գործընիկերոջ դեպքում, կարող է պայմանավորված լինել որոշակի քաղաքական հաշվարկներով: Ճիշտ է՝ ՀՅԴ-ն ՀՀԿ չէ, սակայն ՀՅԴ-ում շատ լավ հասկանում են, որ  արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման պարագայում իրենք հայտնվելու են փաստի առաջ, ու, ըստ էության, որոշել են դիմել յուրատեսակ «բախտախնդրության»՝ միգուցե հենց Քոչարյանի մեջ տեսնելով իրենց քաղաքական ապագան: Բանն այն է, որ Քոչարյանն այսօր ունի մեծ պոտենցիալ՝ իսկապես քաղաքականություն վերադառնալու ու վերածվելու Փաշինյանի հուժկու հակառակորդի, ձևավորելու այն հիմնական ընդդիմադիր բևեռը, որի շուրջ համախմբվելով՝ հեղափոխության արդյունքում գահավիժած ուժերը կստանան երկրորդ շանս՝ մնալու ջրի երեսին, չդադարելու լինել քաղաքական գործոն: Ճիշտ է՝ հիմա միգուցե այնքան էլ տեսանելի չէ այն, ինչի մասին խոսք է գնում, սակայն միանշանակ է, որ եթե Քոչարյանի հասցեին հնչած մեղադրանքները չապացուցվեն, ու գործը մտնի փակուղի, ապա դա կարող է բավական լուրջ քաղաքական դիվիդենտներ բերել Քոչարյանին ու նրա կողքին հայտնված ուժերին: Այսինքն՝ ՀՅԴ-ն, եթե մի կողմից՝ փորձում է պոզիտիվ հարաբերություններ պահպանել Փաշինյանի քաղաքական թիմի հետ ու հնարավորինս հանդես չգալ որպես «ներքին ընդդիմություն» Կառավարության ներսում, ապա մյուս կողմից՝ ջանում է դրան զուգահեռ քաղաքական ապագա կերտել իր համար ու ամեն դեպքում ապահովագրվել՝ փաստացի միանալով ՀՀԿ-ին, որն, ինչպես հայտնի է, գրեթե անսպառ նյութական ռեսուրսներ ունի իր տրմադրության տակ ու արտահերթ ընտրություններում բնավ մտադիր չէ վերջին տեղերում հայտնվել՝ չնայած օբյեկտիվ դժվարություններին: Իսկ թե այս ամենին ինչպես կարձագանքեն իշխանությունները, թերևս, պարզ կդառնա ընթացքում: Միանշանակ է, սակայն, որ թե՛ նրանք ու թե՛ նրանց ապագա քաղաքական հակառակորդներն իրենց գործողույունների պլանը գծելու են՝ հաշվի առնելով արտահերթ խորհդրանական ընտրությունների՝ սարերի հետևում չլինելու ճակատագրական հանգամանքը: Norlur.am              
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.