Նիկոլ Փաշինյանն՝ Արմեն Սարգսյանի թիրախում

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել ՌԻԱ Նովոստի և Սպուտնիկ-Արմենիա  լրատվական գործակալություններին՝ անդրադառնալով ինչպես ֆուտբոլային թեմային, այնպես էլ կիսվելով սեփական տեսլականներով՝ կապված Հայաստանի ապագայի հետ: Ինչպես հայտնի է, օրերս Սարգսյանը Մոսկվայում էր. «Լուժնիկի» մարզադաշտում դիտել է ֆուտբոլի աշխարհի առաջնության փակման արարողությունը, ապա հետևել եզրափակիչ՝ Ֆրանսիա-Խորվաթիա խաղին: Ուշագրավ է, որ Սարգսյանը եզրափակիչը դիտելիս պատվավոր հյուրերի օթյակում նստած է եղել առաջին շարքում՝ ՌԴ վարչապետ Մեդվեդևի կողքին՝ հանգամանք, որն ըստ որոշ վերլուծաբանների, բնավ պատահական չէ ու կարող է վկայել հայ-ռուսական հարաբերությունների խորքում ընթացող լրջագույն պրոցեսների մասին: Սարգսյանի հարցազրույցը, պետք է նկատել, ընդհանուր առմամբ բավական հավասարակշռված է ստացել. նա «ֆուտբոլային լեզվով» ջերմ խոսքեր է շռայլել ինչպես Արևմուտքի՝ ի դեմս նույն Ֆրանսիայի, այնպես էլ ՌԴ հասցեին՝ ջանալով հնարավորինս հավասարակշռություն պահպանել կողմերի միջև՝ երևիթե կողմերից որևէ մեկին, այսպես ասած, չնեղացնելու ցանկությունից դրդված՝ ելնելով ոչ միայն դիվանագիտական էթիկետի նորմերից, այլև, անշո՛ւշտ, ազգային շահերի տրամաբանությունից: Արմեն Սարգսյանի հարցազրույցում, սակայն, մեկ ուշագրավ շեշտադրություն է նկատվում. Սարգսյանը, խոսելով Հայաստանին վերաբերող հարցերի մասին, փորձելով կիսվել սեփական գաղափարներով ու մոտեցումներով, հարցազրույցում անընդհատ մի միտք է կրկնում ու շեշտում՝ սեփական լիազորությունների սահմանափակ լինելը: Այսպես՝ պատասխանելով այն հարցին, թե այս ընթացքում հաջողվե՞լ է, արդյոք, ինչ-որ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ Հայաստան լրացուցիչ արտերկրյա ներդրումներ ներգրավելու համար՝ հաշվի առնելով Սարգսյանի՝ տարբեր երկրների քաղաքական և գործարար վերնախավի հետ ունեցած ազդեցիկ կապերը, Սարգսյանը բավական ոչ միանշանակ պատասխան է տվել՝ իր խոսքի հենց ամենասկզբում նկատելով, որ «նախագահի դերը խորհրդարանական հանրապետությունում պետության գլխի համար գործադիր իշխանության ինչ-որ լծակներ չի ենթադրում»: Նույնպես և երիտասարդությանն առչվող խնդիրների մասին հարցին պատասխանելիս Սարգսյանը նրբորեն նկատել է, որ «դա նույնպես ավելի շատ գործադիր իշխանության խնդիրն է»: Ավելին՝ սոցիալական ցանցերում անձնական էջեր չունենալու հանգամանքն անգամ Արմեն Սարգսյանը բացատրել է այն իրողությամբ, որ «խորհրդարանական հանրապետության նախագահը կառավարչական գործառույթներ չունի, և անհրաժեշտություն չկա ամեն օր ժողովրդին բացատրել սեփական գործողությունների իմաստը»՝ միաժամանակ նկատելով ու ճիշտ համարելով այն, որ վարչապետն ու կառավարությունն ակտիվորեն օգտագործում են սոցիալական ցանցերը:  «Ընդհանրապես, սահմանադրական բարեփոխումներից հետո Հայաստանում մենք դեռ պետք է սովորենք ապրել խորհրդարանական հանրապետության պայմաններում: Խորհրդարանական հանրապետության ավանդույթներ մենք չունենք, դրանք պետք է ստեղծել, սովորել այն երկրներից, որտեղ կառավարման նման ձևը գոյություն ունի բավականին երկար»,-իր խոսքն եզրափակել է նախագահ Սարսգյանը: Ի՞նչ է սա: Ո՞ւմ է Արմեն Սարսգյանը փորձում լսեցնել իր գերխնդրի՝ Սահմնանադրությամբ խիստ սահմանափակ լիազորություններով օժտված լինելու մասին: Ո՞ւմ է նա բողոքում, մի՞թե հասցեատերը վարչապետ Փաշինյանը չէ, ում ուղղակի կամ անուղղակի կերպով իր պատասխաններում փաստացի երանի է տալիս Արմեն Սարգսյանն՝ ակնհայտորեն իր կողմից արձանագրած համեստ արդյունքները պայմանավորելով  անհրաժեշտ լիազորություններ չունենալու փաստով: Կարելի՞ է, արդյոք, ենթադրել, որ եթե նախագահական գործառույթների շրջանակը շատ ավելի լայն լիներ, ապա Հայաստանն այսօր որակապես այլ մակարդակի վրա կգտնվեր, ու ասենք համաշխարհային ֆինասնական կապիտալի գոնե մի փոքր մասնիկ էլ Հայաստանում հանգրվանած կլիներ, ներդրումներ կհոսեին, երկրի նախագահը շատ ավելի ընկալելի կլիներ նույն արտաքին աշխարհի համար ու նրա հետ, կոպիտ ասած, հաշվի կնստեին՝ դրանից Հայաստանի համար բխող բոլոր հետևանքներով հանդերձ: Իսկ միգուցե Արմեն Սարգսյանը պարզապես նման պատճառաբանման քողի տակ սեփական «ձեռքե՞րն է լվանում»՝ խուսափելով ստանձնել որևիցե պատասխանատվություն: Կամ ի՞նչ կարող է նշանակել Սարգսյանի կոչը՝ սովորելու այն երկրներից, որոնցում խորհրդարանական կառավարման ավանդույթներն ավելի խորն են: Կոնկրետ ի՞նչ է նկատի առնվում այդ կոչի ներքո կամ կոնկրետ ո՞վ է դրա հասցեատերը: Վերջին շրջանում բավական հաճախ է խոսվում Արմեն Սարգսյան-Նիկոլ Փաշինյան անտեսանելի հակամարտության մասին, որի հետքերը հաճախ զգացվում են հեռակա բնույթ կրող նմանօրինակ «բանավեճերում». դրանցում հաճախ նկատվում են Արմեն Սարգսյանի բողոքն առ Փաշինյան կամ նույնիսկ ապստամբության յուրատեսակ տարրեր՝ ընդդեմ Սահմանադրության: Ակնհայտ է,որ Արմեն Սարգսյանի համար օդը խսիտ հեղձուցիչ է, և նա ուղղակի խեղդվում է այն սահմանափակուներից, որոնց պարտավորվել է ենթարկվել՝  ի սկզբանե հավանություն տալով  համապատասխան առաջարկությանը: Հայաստնում հեղափոխությունը դեռևս չի ավարտվել ու կավարտվի միայն  արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո, երբ երկրում կձևավորվի մի խորհրդարան, որն իսկապես կարտահայտի հասարակական կարծիքն ու տրամադրությունները: Կարելի՞ է, արդյոք,  ենթադրել, որ դրանից հետո լսելի կլինեն Արմեն Սարգսյանի բողոքներն, ու ԱԺ-ն կլծվի օրենսդրական կամ սահմանադրական փոփոխություների գործին՝ Սահմանդրությունն ավելի բալանսավորված տեսքի բերելու, գոյություն ունեցող խութերը վերացնելու համար, թե՞ այնուամենանիվ, բոլորին էլ ձեռնտու է Սարգսյանի «անգլիական թագուհու» կարգավիճակն՝ անկախ ամեն ինչից: Ընտրություններից հետո կերևա… Norlur.am      
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.