Թրամփն արհամարհել է իր խորհրդականների խորհուրդները Պուտինի հետ հանդիպմանն ավելի կոշտ դիրքորոշում դրսևորելու վերաբերյալ. Washington Post

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արհամարհել է վարչակազմի աշխատակիցների խորհուրդները Հելսինկիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն ավելի կոշտ դիրքորոշում դրսևորելու վերաբերյալ, գրում է Washington Post-ը՝ վկայակոչելով աղբյուրների: Թերթի տվյալներով՝ հանդիպումից առաջ ԱՄՆ վարչակազմի աշխատակիցները Թրամփին Պուտինի հետ բանակցություններում ավելի կոշտ դիրք բռնելուն ուղղված 100 էջ ծավալով նյութեր են ներկայացրել, սակայն նա արհամարհել է դրանց մեծ մասը: Ինչպես հայտարարել է աղբյուրը, Թրամփի հայտարարությունները «շատ ուժեղ հակասել են պլանին»: Հիշեցնենք, որ Հելսինկիում նախօրեին կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը: Հանդիպման արդյունքներով նրանք հայտարարել են երկու երկրների հարաբերությունների բարելավման հարցում շահագրգռվածության մասին: Թերթի երկրորդ աղբյուրի խոսքով՝ խորհրդականները դիտարկել են Ղրիմի և ԱՄՆ-ի ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտության հետ կապված հարցերը, բայց Թրամփն «ընթացքում որոշել է ինքնուրույն գործել»: Թերթը նաև հայտնում է, որ վարչակազմից պաշտոնյաների խոսքերով՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը և պետքարտուղար Մայք Պոմպեոն նույնպես խորհուրդ են տվել Թրամփին Ռուսաստանի նախագահին ավելի խիստ վերաբերվել:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.