Գերմանիան ապացուցված չի համարում Գյուլենի կապը Թուրքիայում հեղաշրջման փորձի հետ․ երկրի ԱԳՆ

Գերմանիայի իշխանություններն ապացուցված չեն համարում հեղաշրջման փորձի կազմակերպման հետ կապված թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին ուղղված Թուրքիայի իշխանությունների մեղադրանքները։ Այդ մասին հայտնի է դարձել Գերմանիայի արտաքին գործերի նախարարության հրապարակած հայտարարությունից, որը տրվել է ի պատասխան գերմանական «Ձախ» կուսակցության հղած գրավոր հարցմանը։ Ինչպես գրում է Deutsche Welle-ի թուրքական ծառայությունը, «Ձախ» կուսակցությունը խնդրել էր պատասխանել Գերմանիայում գյուլենականների գործունեություն ծավալելու և գերմանական հատուկ ծառայությունների կողմից նրանց հետ կապված ձեռնարկված գործողությունների, ինչպես նաև Գերմանիայի իշխանությունների՝ գյուլենականների հետ համագործակցության մեջ գտնվել-չգտնվելու մասին հարցերին։ Գերմանիայի ԱԳՆ-ից հայտնել են, որ թեև Թուրքիան մեղադրում է գյուլենականներին հեղաշրջման փորձ կատարելու համար ու պարբերաբար պահանջել է Գերմանիայի հատուկ ծառայություններից համապատասխան հետապնդումներ անցկացնել գերմանաբնակ թուրք գյուլենականների հանդեպ, իրենք չեն տեսել այն հստակ հիմքերն ու ապացույցները, որոնք կստիպեին բավարարել թուրքական կողմի պահանջները։ Ընդդիմադիր կուսակցության հարցին, թե արդյոք գերմանական իշխանությունները համագործակցում են գյուլենականների հետ, ԱԳՆ-ն հրաժարվել է պատասխանել՝ շեշտելով, որ նման տեղեկության հրապարակումը վնաս կհասցնի երկրի հատուկ ծառայությունների գործունեությանը։ Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.