Նախարարությունում արտոնյալ մարդիկ չկան, խախտում նկատելու դեպքում կդիմեմ խիստ միջոցների. Հ. Ռոստոմյանը խորհրդակցություն է անցկացրել

Հուլիսի 16-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացել է հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Հրաչյա Ռոստոմյանը: Ինչպես տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների նախարարության մամլո ծառայությունից, փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Ա. Նահապետյանը զեկուցել է անցած շաբաթվա ընթացքում գրանցված ահազանգերի, ձեռարկված արձագանքման միջոցառումների, կազմակերպված ուսումնավարժությունների, ծառայողական քննությունների ընթացքի և այլ գերատեսչություններին քաղպաշտպանության հարցերով ցուցաբերված մեթոդական օգնության մասին: ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետ Ա.Մկրտչյանը խորհրդակցությանը հայտնել է, որ անցած շաբաթվա ընթացքում տեսչությունը ստուգումներ է անցկացրել 12 օբյեկտում և շարունակում է հետևել ԱԳԼՃԿ-ներին նախկինում հանձնված կարգադրագրերի իրականացման ընթացքին: Խորհրդակցության ընթացքում նախարար Հ.Ռոստոմյանը համակարգի ոլորտային ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարել է ներկայացնել զարգացման ծրագրեր՝ յուրաքանչյուրն իր մասով, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմամբ՝ ուսումնասիրելով միջազգային առաջավոր փորձը և հիմնվելով Հայաստանում առկա ներուժի վրա: ՀՀ ԱԻ նախարարը ՓԾ տնօրենին հանձնարարել է ներկայացնել առաջարկություն փրկարարների կողմից կենցաղային կանչերի արձագանքումը կարգավորելու ուղղությամբ՝ հաշվի առնելով մարդկային կյանքի ու անվտանգության ապահովումը, ինչպես նաև խստացնել նյութատեխնիկական ապահովման հարցերի և առկա ռեսուրսների նպատակային օգտագործման վերահսկողությունը. «Նախարարությունում արտոնյալ մարդիկ չկան: Որևէ խախտում նկատելու դեպքում կդիմեմ խիստ միջոցների»,- ասել է Հրաչյա Ռոստոմյանը: Նախարարը ևս մեկ անգամ հրահանգել է խստիվ հետևել, որպեսզի օպերատիվ ու ծառայողական նպատակներով հատկացված ավտոմեքենաները չօգտագործվեն անձնական նպատակներով: Նախարարությունում կստեղծվի նաև հանձնաժողով՝ սեպտեմբերի 4-ին նշվող ՀՀ ԱԻՆ աշխատողի օրվան նվիրված միջոցառումներին պատշաճ կերպով նախապատրաստվելու համար:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.