Ալիևի վերջին հույսը

Հայաստանի արտգործնախարարության կողմից պաշտոնապես հաստատվել է՝ մի քանի օրից Բրյուսելում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ կկայանա Մամեդյարովի ու Մնացականյանի առաջին պաշտոնական հանդիպումը: Գլխավոր հարցը, որ այժմ առաջանում է, այն է, թե ինչ կարող է այդ հանդիպումը գործնականում տալ կողմերին՝ մանավանդ հաշվի առնելով Մնացականյանի այն հայտարարությունը, որ առաջիկա հանդիպման հիմնական նպատակը հիմնականում մեկն է՝ պահպանել բանակցային գործընթացի գոյությունը՝ ցանկացած պարագայում: Խոշոր հաշվով միամտություն կլինի կարծել, թե երկու երկրների արտգործնախարարների միջև կազմակերպվող այս հանդիպումն այն ֆորմատն է, որ կարող է ռեալ իրավիճակի վրա ունենալ ազդեցություն. սա, թերևս, ավելի շատ ճանաչողական բնույթ կրող  հանդիպում է լինելու, որի ընթցքում կողմերն, ըստ էության, փորձելու են շոշափել միմյանց տրամադրւթյունները, հետախուզել: Պետք է նկատել, որ հակամարտության կարգավորման թե՛ բանակցային ընթացքը, թե՛ դրա վերջնարդյունքն էականորեն կախված է ոչ այնքան Հայաստանից ու Ադրբեջանից, որքան՝ գերտերություններից, իսկ ավելի ճիշտ՝ ստեղծված գլոբալ աշխարհաքաղաքական վիճակից, միմյանց հետ մրցակցող հիմնական ուժերի միջև ձևավորված կամ ձևավորվելիք փոխհարաբերությունների էությունից. Թրամփ-Պուտին առաջիկա հանդիպումը, որի մասին ակտիվորեն խոսվում է, անկասկած, շատ ավելի բան կարող է տալ հակամարտությանը, քան  արտգործնախարարների սույն հանդիպումը՝ նույնիսկ եթե Վաշինգտոնն ու Մոսկան այդ հանդիպման ընթացքում ձեռնպահ մնան արցախյան խնդրի քննարկումից՝ առհասարակ: Պատերազմի կանխարգելման հարցում, սակայն, կարևոր պետք է համարել ոչ միայն համաշխարհային, այլև տարածաշրջանային տերությունների դիրքորոշումը, քանի որ ինչպես ցույց տվեց ապրիլյան էսկալացիան, Բաքվին հաճախ կարող է բավարարել միայն Անկարայի աջակցությունն էլ: Այս իմաստով պետք է նկատել, որ Հայաստանն իսկապես մտահոգվելու տեղ ունի. Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ իր երդմնակալությունից հետո երկիրը թևակոխում է պատմության նոր փուլ՝ նկատի ունենալով նախագահական կառավարման մոդելին անցումը՝ սեփական խոսքը համեմելով խոշոր նվաճողներին բնորոշ բառապաշարով ու տոնայնությամբ: Իսկ սա նշանակում է, որ հայատյաց Էրդողանի՝ Թուրքիայի ներսում ունեցած հզոր դիրքերը շատ իմաստներով կարող են անկանխատեսելի հետևանքներ ունենալ նաև Անդրկովկասի համար, ու  արձակեն Անկարայի ձեռքերն՝ Ալիևին առաջ մղելու, «կրակին յուղ ավելացնելու»՝ հույսով նման կերպ հզորացնել սեփական ազդեցությունը մեր տարածաշրջանում: Այսինքն՝ անկախ նույնիսկ Արևմուտ-ՌԴ հարաբերություններից կամ Պուտին-Թրամփ առաջիկա բանակցությունների որակից ու արդյունքներից՝ Էրդողանը կարող է սեփական խաղը սկսել Անդրկովկասում՝ նամանավանդ, որ շատերը Նախիջևանում ընթացող  անցակալի պրոցեսները համարում են հենց Անկարայի կողմից հրահրվող: Ճիշտ է Թուրքիային այս պարագայում կարող է հակակշռել Իրանը, որի  նախագահն արդեն իսկ հասցրել է Փաշինյանին հրավիրել Թեհրան, սակայն ակնհայտ է, որ Սիրիայում ստեղծված իրավիճակի սրացումն ու թուրք-իրանական շահերի հավանական բախումը կարող է խթան հանդիսաալ Թուրքիայի ագրեսիվ պահվածքի համար նաև Անդրկովկասում. շատ իմաստներով հենց Սիրիայում ու ողջ Մերձավոր Արևելքում ծավալվող գործընթացների ելքից է կախված լինելու Անդրկովկասի խաղաղության հարցը: Մամեդյարով-Մնացականյան առաջիկա հանդիպումից չափազանցված սպասումներ պետք չէ ունենալ՝ հետո մեծ հիասթափություն չապրելու համար. արցախյան խնդիրը վաղուց «դուրս է եկել» Անդրկովկասի սահմաններից, ու որոշողը Բաքուն չէ՝ բնավ: Norlur.am      
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.