Ալիևը սպառնում է. ովքե՞ր են թիրախում

Մինչ Հայաստանում ընթանում են ներքին բարեփոխումներին միտված գործընթացներ, փորձ է արվում գլխատել կոռուպցիան ու, մասնավորապես, մաքրել զինված ուժերն այն  տարրերից, որոնք փաստացի վնաս են հասցրել Հայատանին ներսից, բավական բուռն իրադարձություններ են ծավալվում Ադրբեջանում. Հասանովն ու Գաջիևը հայտարարել են նոր, հուժկու պատերազմի մոտալուտ լինելու մասին, բացահայտել ադրբեջանցի փախստականներին «հարազատ վայրեր» վերադարձնելու ադրբեջանական ղեկավարության պլաններն ու խոստացել առաջիկա զորավարժություններին այնպիսի զենքեր ի հայտ բերել, որոնք իբր կապշեցնեն բոլորին: Կարճ ասած՝ Բաքվից կրկին լսվում է տոտալ պատերազմի սպառնալիք՝ ընդդեմ հայերի, ու այժմ, թերևս, կարևոր է հասկանալ, թե ինչով է պայմանավորված  Բաքվի ռազմատենչության հերթական բռնկումն այս անգամ: Իհարկե, պետք է արձանագրել, որ խոշոր իմաստով Ադրբեջանի հռետորաբանությունը չի մնում անարձագանք. մասնավորապես՝ նույն Ռուսաստանը փորձում է հասկացնել Բաքվին, որ մտադիր չէ հանդուրժել ապրիլյան դեպքերի կրկնություն, ու եթե իսկապես Բաքվում խնդիր են դրել Հայաստանն առնել թուրք-ազերիական աքցանի մեջ, ապա գործ են ունենալու ռուսական կողմի հետ: Ընդ որում՝ Մոսկվայից Բաքվի ու Թուրքիայի ուղղությամբ համապատասխան ազդակներ հղվում են ինչպես քարոզչության տեսքով (զորօրինակ՝ Ռուսաստանի «Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի» հետազոտական կենտրոնի տնօրեն, քաղաքական գործիչ, փորձագետ  ծագումով հայ Սեմյոն Բաղդասարովի շուրթերով), այնպես էլ պրակտիկ հարթությունից  (տեսանելի ապագայում ՌԴ մտադիր է ՀՀ մատակարարել ՍՈՒ 30 ՍՄ տեսակի կործանիչներ՝  թվով 12 հատ): Այսպիսով՝ ինչո՞վ կարող է պայմանավորված լինել Ալիևի ռազմատենչության հերթական ալիքի բռնկումն այս անգամ: Ենթադրելի է՝ մի քանի հանգամանքներով. առաջին՝ Ալիևն, ինչպես միշտ, խնդիր ունի համապատասխան հայտարարություններով սեփական հանրության ուշադրությունը շեղելու երկրում առկա չլուծվող խնդիրներից՝ կոռուպցիայից, ամենաթողությունից (այս իմաստով չափազանց խոսուն պետք է համարել ադրբեջանական ռազմատենչ հայտարարոթյունների ու արևմտյան Organized Crime and Corruption Reporting Project-ի կողմից բացահայտված կոռուպցիոն սկանդալի մասին հաղորդումների միջև առկա ժամանակային համընկնումը): Երկրորդ՝ Ալիևը խնդիր ունի ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Արևմուտքի ուշադրությունն իր կողմը գրավելու, քանի որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունն էապես խառնել են ազերիների խաղաքարտերը հայտնվելով մի տեսակ մեկուսացման մեջ: Երրորդ՝ Ալիևի թիրախում այժմ ոչ միայն կամ ոչ այնքան Արցախն ու Հայաստանն են, որքան արևմտյան այն շրջանակները, որոնք անցանկալի հետաքրքրասիրություն են դրսևորում անհայտ ձագման ադրբեջանական նավթադոլարների նկատմամբ: Չի բացառվում, որ Բաքվի ազդակն ուղղված է հատկապես արևմտյան որոշակի շրջանակներին՝ դադարեցնելու շոշափել ադրբեջանական փողերի թեման, հակառակ պարագաում Բաքուն անկանխատեսելի քայլերի կգնա, ինչը մարտահրավեր կլինի ոչ միայն Ռուսատսանին, այլև նույն Արևմուտքին ուղղված, որին հաջողվել է ներկա ստատուս-քվոյի  պայմաններում որոշակիորեն կիսել Անդրկովկասի վերահսկողության պատասխանատվությունը Մոսկվայի հետ՝ փոխարենը խոստանալաով նպաստել տարածաշրջանային կայունության պահպանմանը: Եվ վերջապես Ալիևի թիրախում հայտնվել է նաև Մոսկվան, ուր, ըստ էության, որոշել են իսկապես խորքային հարաբերություններ հաստատել հայաստանյան ժողովրդավարական իշխանությունների հետ՝ հայ-ռուսական փոխգործակցությունը բարձրացնելով նոր մակարդակի՝ Բաքվի համար դրանից բխող բոլոր անցանկալի ռազմաքաղաքական հետևանքներով: Չի բացառվում նաև,որ այս ամենը պայմանավորված լինի Ալիևի ներքին վախով. Հայաստանում տեղի ուենցած հեղափոխությունը հստակ ազդակ է՝ Բաքվին, թե ինչ է լինում այն իշխանությունների հետ, ովքեր հաշվի չեն նստում ժողովրդավարական նորմերի հետ: Ուստի՝ միանգամայն հավանական է, որ նմանատիպ հայտարարությունները, որոնք, ըստ էության, սին են, միտված են թույլ չտալու Ադրբեջանում հայաստանյան իրադարձությունների հնարավոր կրկնություն: Իսկ այդ անելու համար արտաքին թշնամու կերպարն ուղղակի անփոխարինելի  միջոց է հանդիսանում: Ասվածը, սակայն չի նշանակում, որ պատերազմի սպառնալիքը միանգամայն անիրական է, չի նշանակում, որ Հայաստանը պետք է չկարևորի ադրբեջանցի պաշտոնյաների  հայտարարություններն ու կանխարգելիչ քայլերից ձեռնպահ մնա: Պատերազմ կարող է բռնկվել ամեն պահ՝ անկախ նրանից, թե տվյալ պահին ինչ հայտարարություններ են հնչում Բաքվից կամ կոնկրետ ադրբեջանցի որ պաշտոնյայի շուրթերով: Norlur.am          
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.