Ոստիկանության 6-րդ վարչությունում բացահայտվում են չարաշահումներ, այսօր այդ մասին հայտարարություն կլինի․ Վալերիյ Օսիպյան (տեսանյութ)

Ոստիկանության 6-րդ վարչությունում բացահայտվում են չարաշահումներ: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նման հայտարարություն արեց ՀՀ ոստիկանապետ Վարելիյ Օսիպյանը: «Այդ չարաշահումների մասին ոստիկանության լրատվական վարչությունն այսօր հայտարարությամբ հանդես կգա»,- ասաց նա: Հարցին, թե արդյոք հնարավո՞ր են ձերբակալություններ, ոստիկանապետը պատասխանեց՝ ընթացքը ցույց կտա: Դիտարկմանը, թե ոստիկանությունը, կարծես թե, չի համագործակցում ԱԱԾ-ի հետ, նա ասաց․ «Նման իրավիճակ չկա»: Լրագրողների դիտարկմանը, թե քիչ է այլևս հաղորդակցվում իրենց հետ, Օսիպյանը պատասխանեց․ «Դա պայմանավորված է նրանով, որ որոշ օգտատերեր քննադատում են, թե ավելի շատ ասուլիսներ եմ տալիս, գործով չեմ զբաղվում»: Ոստիկանապետը նաև ներկայացրեց, որ ոստիկանությունը, ինչպես և ԱԱԾ-ն, առաջնորդվում է իր օրենքներով, որոշումներով, Սահմանադրությամբ, օպերատիվ տեղեկություններով: «Վերջապես ոստիկանության գործառույթները շատ մեծ են»,- ասաց նա՝ նշելով, որ երեկվա լայնածավալ բացահայտումները պայմանավորված էին օպերատիվ տեղեկություններով: Դիտարկմանը, թե գուցե քաղաքական իրողությունների փոփոխությամբ էին դրանք պայմանավորված, Վարելիյ Օսիպյանը շեշտեց․ «Օպերատիվ տեղեկություններով, որոնք ենթակա չեն բացահայտման»: Խոսելով «քրեական հեղինակությունների» նկատմամբ կիրառվող հնարավոր գործողություններից՝ ոստիկանապետը նշեց․ «Նրանք էլ են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, իրենք էլ են մարդ, ունեն իրենց իրավունքներն ու պարտականությունները, անկախ ամեն ինչից՝ ցանկացած ոք ՀՀ-ում պետք է ենթարկվի օրենքին»:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.