Բանկերը կներեն անհուսալի ճանաչված վարկերի տույժերն ու տուգանքները. ԱԺ-ն օրենքն ընդունեց միաձայն

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-266-Ն օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Նախագիծն ընդունվեց միաձայն՝ 79 կողմ քվեարկությամբ: Նշենք, որ նախագծով առաջարկվում է նաև առևտրային բանկերին ֆիզիկական անձանց հնարավորություն տալ՝ առանց լրացուցիչ հարկային պարտավորություններ կրելու, ներել մինչև 2018 թվականի մայիսի 31-ը անհուսալի ճանաչված վարկերի գծով հաշվարկված տույժերն ու տուգանքները: Առաջարկվում է ֆիզիկական անձանց համար իրականացնել համաներում գույքի օտարման գործարքներից առաջացող ԱԱՀ-ի նկատմամբ հաշվարկված տույժերի ու տուգանքների մասով, որպեսզի օրենքի ընդունումից սկսած 90 օրվա ընթացքում վճարվի հարկի մայր գումարը: Օրենքը նաև կարգավորում է 2018 թվականի հուլիսի 1-ից հանրային սննդի գործունեությունն արտոնագրային հարկի համակարգից շրջանառության հարկի համակարգ տեղափոխելու հետ կապված խնդիրները, որպեսզի այս ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտները կարողանան սահուն անցում կատարել հարկման նոր համակարգին:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.