ԱԳ նախարարը Բրյուսելում ընդգծել է խաղաղությանը նպաստող մթնոլորտի համար բանակցային գործընթացի առաջմղման հարցը

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի աշխատանքային այցը Բրյուսել մեկնարկել է հունիսի 19-ին Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանի հետ հանդիպմամբ: Հայաստանի ԱԳՆ ղեկավարը Յոհանես Հանին ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած վերջին զարգացումները, որոնք հանձնակատար Հանի բնորոշմամբ կարելի է դիտարկել որպես ժողովրդավարական փոփոխության լավ օրինակ: Նախարար Մնացականյանը հանձնակատար Հանին ներկայացրել է կառավարության նոր ծրագիրը և վերջինիս արտաքին քաղաքական առաջնահերթությունները՝ շնորհակալություն հայտնելով Հայաստանում բարեփոխումների գործընթացին Եվրամիության կողմից ցուցաբերած շարունակական աջակցության համար: ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է կառավարության ծրագրերը և գործունեությունը՝ ուղղված հետևողական բարեփոխումների իրականացմանը, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, օրենքի գերակայությանը, կոռուպցիայի դեմ պայքարին՝ այդ նպատակին հասնելու ճանապարհին կարևորելով գործընկերների հետ համագործակցությունը։ ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ որպես երկկողմ հարաբերությունների շրջանակի։ Նախարար Մնացականյանը տեղեկացրել է կառավարության ծրագրում ամրագրված արտաքին քաղաքական առաջնահերթությունների և գերակայությունների հիման վրա ձեռնարկված քայլերի մասին, որոնք ուղղված են Հայաստանի շահերի պաշտպանությանը։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև մտքեր փոխանակել Արևելյան գործընկերության ձևաչափում համագործակցության հեռանկարների շուրջ: Այս համատեքստում անդրադարձ է արվել հունիսի 22-ին Մինսկում կայանալիք Արևելյան գործընկերությանն անդամակցող երկրների արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպման օրակարգին: Նախարար Մնացականյանը և հանձնակատար Հանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային մարտահրավերների և դրանց ուղղությամբ մոտեցումների, գնահատականների և դիրքորոշումների շուրջ։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանգամանալից անդրադարձել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի առնչությամբ հայկական կողմի դիրքորոշումներին ու առաջնահերթություններին՝ ընդգծելով նաև խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորման անհրաժեշտությունը բանակցային գործընթացի առաջմղման համար։ ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը ցուցաբերած հետևողական աջակցության համար։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.