Քրեակատարողական ծառայության պետին հանձնարարել եմ միջոցներ ձեռնարկել ՔԿՀ-ներում ներքին կանոնակարգի պահանջները խստորեն պահպանելու ուղղությամբ. Արտակ Զեյնալյան

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցն օրերս իր ֆեյսբուքյան էջում բարձրաձայնել էր ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների հետ կապված իր մտահոգությունները՝ կապված «այսպես կոչված խաղերի հետևանքով կրված գումարների վճարման հետ կապված պահանջներին, դրա հետևանքով ազատազրկված անձանց դեմ գործադրվող ճնշումներին...», զուգահեռ մեկնաբանություններում ներկայացրել նաև «Սևան» ՔԿՀ-ում տեղի ունեցած ինքնասպանության փորձի միջադեպը՝ որպես խաղից կրված գումարի պատճառի հետևանք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Նախարարի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև: «Այս կապակցությամբ տեղեկացնեմ, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության նորանշանակ պետ Արտյոմ Մխոյանին հանձնարարել եմ միջոցներ ձեռնարկել կառավարության որոշմամբ սահմանված քրեակատարողական հիմնարկներում ներքին կանոնակարգի պահանջները խստորեն պահպանելու ուղղությամբ՝ բացառելով ալկոհոլային խմիչքների և թմրանյութերի օգտագործումը, կալանավորված և ազատազրկված անձանց կողմից մոլեխաղերով, ինչպես նաև նյութական կամ այլ շահ ստանալու նպատակով թույլատրելի խաղերով զբաղվելը և սահմանել շուրջօրյա խիստ վերահսկողություն: Ծառայության պետ Ա. Մխոյանի կողմից անձնակազմին տրվել են համապատասխան հրահանգներ, մշակվում են ծրագրեր իմ կողմից տրված հանձնարարականը հնարավորինս արագ և անթերի իրականացնելու, ինչպես նաև հիմնարկներում առկա քրեական ենթամշակույթը վերացնելու ուղղությամբ: Ինչ վերաբերում է «Սևան» ՔԿՀ-ում դատապարտյալի ինքնասպանության փորձին, ապա նշեմ, որ այն հիմնարկի աշխատակիցների միջամտությամբ կանխվել է: Փաստի կապակցությամբ նախապատրաստվել են նյութեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Տեղի ունեցածի վերաբերյալ եզրակացություն անել հնարավոր կլինի միայն նախապատրաստված նյութերի արդյունքներն ուսումնասիրելով: Չժխտելով քրեակատարողական հիմնարկներում պարոն Սաքունցի կողմից բարձրաձայնված և բազմաթիվ այլ խնդիրների առկայությունը՝ ևս մեկ անգամ հայտարարում եմ, որ ոլորտում համակարգային բարեփոխումների իրականացումը հրատապ է և խիստ անհրաժեշտ: Ես հետևողական եմ լինելու բարձրաձայնված այս դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությանը ու վճռական եմ՝ առկա արատավոր երևույթները արմատախիլ անելու հարցում»:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.