Կային զինատեսակներ, որոնք որևէ կերպ օրինական լինել չէին կարող. ՊՆ խոսնակը՝ ԱԱԾ բացահայտումների մասին

Իրերն ու առարկաները, որոնք ուղիղ վերաբերում են ՊՆ-ին և արտադրվել են ԶՈՒ-ի համար, օրիանական կարգով փոխանցվել են ԵԿՄ-ին: Այսօր Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում նման հայտարարություն արեց Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ ԵԿՄ-ն, արդեն 20 տարի է, ամենօրյա բանակումներ է անցկացնում ԶՈւ-ում, դիմում է ՊՆ-ին ու ստանում տարբեր տիպի պիտույքներ: «Ապրիլյան պատերազմի ժամանակ և դրանից հետո՝ մի քանի ամսվա ընթացքում, եղել են կամավորական խմբեր, որոնք եղել են բանակում և ՊԲ-ի մատակարարման տակ են եղել ամբողջությամբ, այսինքն՝ ստացել են սնունդ, հագուստ և այլն: Հիմա այս երկու ճանապարհներից՝ ԵԿՄ-ին տրամադրված, թե ՊԲ-ի կողմից տրամադրված պիտույքների մասին է խոսքը, չեմ կարող ասել, դա ցույց կտա քննությունը»,- ասաց նա: Ինչ վերաբերում է հայտնաբերված զենքի օրինականությանը, Հովհաննիսյան ասաց. «Իրավասու չեմ նման հարցերին պատասխանելու, քննությունը ցույց կտա, թե այդ ամենից որն էր օրինական, որն էր անօրինական, բայց կային զինատեսակներ, որոնք որևէ կերպ օրինական լինել չէին կարող»: Նրա խոսքով՝ ՊՆ-ից տարբեր պիտույքներ է ստացել ոչ միայն ԵԿՄ-ն, այլև մի շարք հասարակական կազմակերպություններ, բայց ամենամեծ բաժինը եղել է ԵԿՄ-ինը: Հովհաննիսյանը, խոսելով մեքենաների մասին, նշեց, որ շտապօգնության մեքենանները շատ կարևոր են բանակի համար: «Դրանք օգտագործվում են առաջնագծից հոսպիտալ, հոսպիտալից՝ Երևան: Այս պահին անհրաժեշտ քանակով ունենք, բայց դա մշտապես օգտագործվող բան է: Ընդունելի չէ, որ որևէ միջոց չի հասել հասցեատիրոջը»,- ընդգծեց Արծրուն Հովհաննիսյանը: Հարցին՝ հետամուտ լինելու են, որ գողացված ապրանքը հետ վերադարձվի բանակին, ՀՀ ՊՆ մամուլի խոսնակն ասաց. «Դա քննությունը պետք է թույլ տա, եթե դրանք պիտանի են կիրառութան: Պետք է հասկանանք՝ ժամկետանց են, կիրառելի են, թե՝ ոչ»:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.