Գործ ունենք երրորդ հանրապետության ամենամեծամասշտաբ կոռուպցիոն երևույթի հետ. Փաշինյանը՝ ԱԱԾ բացահայտումների մասին

Հայ ժողովուրդը ցնցված է Ազգային անվտանգության ծառայության բացահայտումներից, մենք գործ ունենք երրորդ հանրապետության ամենամեծամասշտաբ կոռուպցիոն երևույթի հետ: Այս մասին այսօր կառավարության արտահերթ նիստի մեկնարկին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում ԱԱԾ-ի բացահայտումներին: «Տեղյակ եք իրադարձություններից, որ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում խուզարկություններ են տեղի ունեցել, և առանց որևէ մեկի անմեղության կանխավարկածը խախտելու՝ ուզում եմ արձանագրել, որ մենք գործ ունենք երրորդ հանրապետության ամենամեծամասշտաբ կոռուպցիոն երևույթի հետ: Ցնցող են բացահայտումները, շոկային են հայ հանրության համար: Երեկ շնորհակալություն եմ հայտնել ԱԱԾ տնօրենին և խնդրել եմ շնորհակալության խոսքեր փոխանցել այն աշխատակիցներին, ովքեր մշակել ու իրականացրել են այս օպերացիան»,-ասաց Փաշինյանը: Խոսքն ուղղելով Արթուր Վանեցյանին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ բոլորը հասկանում են, որ գործողությունը մեկ օրում չի կազմակերպվել, և դրան նախորդել է ծավալուն աշխատանք: Վարչապետը հույս հայտնեց, որ գործի նախաքննությունը կընթանա պատշաճ մակարդակում, դատախազությունը կապահովվի պատշաճ քննություն, որպեսզի գործի բոլոր մասնակիցները պատասխանատվության կանչվեն՝ անկախ կոչումներից ու հարակից հանգամանքներից: Հիշեցնենք, որ հունիսի 16-ին Մանվել Գրիգորյանը ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով ձերբակալվել է, ինչի մասին ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածի համաձայն անմիջապես տեղեկացվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահին: Ելնելով քրեական գործով բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հունիսի 17-ին քրեական գործը վերցրել է ՀՀ ԱԱԾ քննչական վարչության վարույթից և հանձնել ՀՀ ՀՔԾ վարույթին, ինչպես նաև հանձնարարվել է երկու ծառայությունների քննիչներից ստեղծել քննչական խումբ և շարունակել նախաքննությունը: Երեկ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը քննարկելու օրակարգով ՀՀ կառավարության նախաձեռնությամբ Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու համար: Հիշեցնենք նաև, որ ԱԱԾ-ն տեսանյութ էր հրապարակել պատգամավորի տանը և նրա սեփականություն հանդիսացող հանգստյան գոտում իրականացված խուզարկությունից, որում ասվում էր, որ Ապրիլյան քառօրյայի մասնակիցներին ուղարկված սնունդը գեներալ Մանվել Գրիգորյանն օգտագործել է իր կենդանաբանական այգու կենդանիներին կերակրելու նպատակով։ Մանվել Գրիգորյանի տանը նաև մեծ քանակությամբ զենք և զինամթերք էր հայտնաբերվել։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.