Քննարկում եմ ԿԳ նախարարի երրորդ տեղակալի պաշտոնում նշանակել ՀՀԿ անդամի. Արայիկ Հարությունյան

Եթե կա կոռուպցիա, ապա դրա մասին պետք է խոսել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը՝ նշելով, թե վերլուծություն չեն կատարել՝ իրեն նախորդող նախարարներից ով է ավելի շատ չարաշահումներ կատարել, ով՝ ավելի քիչ: «Ուսումնասիրություններն իրականացվում են, որոշ փաստեր արդեն կան, երբ կլինի փաթեթ, կհանդիպենք Լևոն Մկրտչյանի, Արմեն Աշոտյանի հետ»,- նշեց Հարությունյանը։ Նա ասաց, որ չի ցանկանում, որ իրավապահ մարմինները հենց սկզբից մեծ մուտք ունենանք կրթական ոլորտ: «Որոշ փաստեր տեսչական մարմնի միջոցով ստուգվում են, ես ունեմ կոնկրետ նամակներ, որտեղ կոնկրետ փաստեր կան կոռուպցիոն մեխանիզմների մասին, դրանք նույնպես հանձնվելու են իրավապահներին: Ընթացիկ աշխատանքներ են տարվում: Աուդիտ ստուգումներ են իրականացվում, ասվել է, որ կան լուրջ խնդիրներ, և երբ վերջնական լինեն՝ կհանձնենք իրավապահներին: Մենք չենք ուզում, որ ԱԱԾ-ով ահ ու սարսափ տարածվի դպրոցներում ու բուհերում: Ամեն դեպքում բոլորը պետք է իմանան, որ օրենքը գործում է»,- ասաց Արայիկ Հարությունյանը: Ինչ վերաբերում է աղմկահարույց գործին՝ դպրոցների տնօրենների հետ կապված, ովքեր նախորդ ընտրություններում աշխատել էին ՀՀԿ-ականների օգտին, լրագրողները հարցրին՝ ի՞նչ եք անում, որ նման դեպքերը չկրկնվեն: Ի պատասխան նախարարն ասաց. «Դա այնքան էլ հեշտ գործ չէ: Երկրում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները, իշխանությունների կամքը՝ վերացնել նման դեպքերը, ազդում է այդ երևույթի նվազման վրա: Ամեն դեպքում ես չեմ բացառում, որ նման դեպքեր կլինեն: Նույն դպրոցներում եթե հարցնեք, կտեսնեք, որ կոռուպցիոն զգալի նվազել է, դրամահավաքները զգալի նվազել են»: Հարցին՝ ՀՀԿ-ական ուսուցիչները հեռացվելո՞ւ են աշխատանքից, նա պատասխանեց. «Որևէ մեկը կուսակցական պատկանելության հետ կապված չի հեռացվելու աշխատանքից: Դա սահմանադրությամբ ամրագրված իրավունք է, և որևէ մեկը չի կարող անձին հեռացնել կուսակցական պատկանելության համար, եթե նա օրենքով պատժելի արարք չի արել: Ասեմ ավելին՝ ես քննարկում եմ ԿԳ նախարարի երրորդ տեղակալի պաշտոնում նշանակել մեկին, ով ՀՀԿ անդամ է: Քննարկում ենք թեկնածուներ: Նախկինում շատ հաճախ մարդիկ ստիպված են եղել համակարգում աշխատելու համար կուսակցականացվել, այնինչ դա որևէ կապ չպետք է ունենա»:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.