Սրտի ստենտի մատակարարների հետ բանակցում ենք, որ պետպատվերով ստենտների գները մի քիչ իջնեն և այդ տնտեսումների հաշվին ընդգրկումը լայնացնենք. Ա. Թորոսյան

ԱԺ-ում 2017 թ-ի բյուջեի կատարողականի քննարկմանը ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանն անդրադարձավ սրտի վիրահատության գնային քաղաքականությանը: Նա նշեց, որ ըստ հաշվետվության՝ նախորդ տարի պետպատվերի շրջանակներում կատարվել է 7167 սրտի վիրահատություն: Նա Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից հետաքրքրվեց, թե դա հանրապետությունում կատարվող ընդհանուր սրտի վիրահատությունների քանակի քանի՞ տոկոսն է կազմում: Նախարարը նշեց, որ ոչ թե շուրջ 7000 սրտի վիրահատություն է կատարվել, այլ եղել է այդքան բուժօգնություն դեպք, որից վիրահատությունը պետպատվերի շրջանում եղել է 3721-ը, և որից հատուկ ծրագրով արվել է 1597: Նախարարը հիշեցրեց, որ երկու ծրագիր կա՝ «Ստենտ կյանքի համար», որ եթե կա հատուկ չափորոշիչ, պետությունը երաշխավորում է սրտի անվճար վիրահատություն, և մնացածը արդեն սոցապահովություն, զինծառայողների սոցիալական օգնություն և այլ ծրագրերով է: Կոնկրետ վիճակագրությունից նախարարը տեղյակ չէր, բայց խոսեց առաջիկայում այս ոլորտում նախատեսած փոփոխություններից: Ըստ նրա` սրտի վիրահատության և «Ստենտ կյանքի համար» ծրագիրը վերանայում են: «Ստենտի մատակարարների հետ բանակցում ենք, որ ստենտերի գները մի քիչ իջնեն»,-ասաց նա: Ըստ նախարարի՝ նույն բյուջեի շրջանակներում, կփորձեն օգնել ոչ միայն նրանց, ովքեր երբ շատ կրիտիկական վիճակում են հայտնվել և պետք է սրտի վիրահատության ենթարկվեն, այլ նաև նրանց, որոնց կյանքին սպառնալիք այդ պահին չկա, բայց վտանգ կա, որ կարող է մի քանի օրից լինել: «Փորձելու ենք տնտեսումների հաշվին լայնացնել ընդգրկումը, և այս տարի շատ դեպքեր ունենք, որ պետությունն իր վրա է վերցնելու՝ առանց ֆինանսական հավելումների»,-ասաց նա: Նախարարը հստակեցրեց, որ ստենտների գների նվազումը պետպատվերի ծառայությունների մասով է, և բանակցում են, որ մեծ քանակի դեպքում էժան գնով հատկացնեն: Նա հույս հայտնեց, որ գների նման նվազումը նաև հիվանդանոցների համար վաճառքի գների վրա կազդի: Ինչ վերաբերում է ՀՀ-ի և Վրաստանի միջև համեմատություններին, ապա նախարարը այն որակեց էմոցիոնալ, քանի որ ըստ նրա, եթե նույնիսկ էժան է, պետք չի ռիսկը վերցնել, արագ գնալ, վիրահատվել, գալ և դուրս մնալ վերահսկողությունից, ինչը հետագայում անհրաժեշտ է:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.