Մշակույթի ոլորտում գործունեություն չեմ ծավալել, 2003 –ից ակտիվ եմ եղել քաղաքականության և քաղաքացիական հասարակության մեջ. Լիլիթ Մակունց

Մշակութային գործունեության հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով մշակույթի նախարար նշանակված Լիլիթ Մակունցը որևէ առնչություն չունի, իսկ քաղաքացիական ակտիվ գործունեությունը ծավալել է դեռևս 2003 թվականից: Այս մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանի եթերում ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասաց Լիլիթ Մակունցը, պատասխանելով օգտատերերից մեկի հարցին, թե ինչ առնչություն է ունեցել մշակույթի հետ: «2003–ից սկսած բավականին ակտիվ գործունեություն եմ ծավալել քաղաքականության և քաղաքացիական հասարակության մեջ, մասնավորապես 2004-2012թթ. շատ ակտիվ եղել եմ քաղաքական առաջնագծում, պայքարել եմ իմ շատ ընկերների հետ, ովքեր այսօր կառավարության կազմում են, 2012-ից ի վեր ես որոշեցի, որ տեղափոխվում եմ քաղաքացիական դաշտ և կարծում էի, որ առաջին հերթին պետք է քաղաքացու հետ աշխատել: Մշակույթի ոլորտում գործունեություն չեմ ծավալել»,-ասաց նախարարը: Հարցին, թե ի՞նչ կարծիք ունի մայիսի 28-ին տեղի ունեցած միջոցառումների վերաբերյալ, հաշվի առնելով, որ սոցիալական ցանցերում դժգոհություններ կան, նախարարը նախ անդրադարձավ դրական կողմին: «Նախ անդրադառնամ դրական կողմին, որ նորագույն տեխնոլոգիաների ներմուծումը դրանց գործարկումը շատ դրական նշանակություն ունեցավ ընդհանուր համերգի ֆոնի և այլ տեսակետներից, ընդհանուր կարծում եմ, որ արժե այդ առումով շարունակել նորագույն տեխնոլոգիաների ներմուծումը: Ինչ վերաբերում է բովանդակային կողմին կարելի է վերանայել բովանդակային կողմը: Օրինակ՝ նշեմ, որ այդ տոնի զգացողությունը մի քիչ պակաս էր արտացոլվում երգերի բովանդակության առումով, որպեսզի հաղթանակածի դիրքերից հանդես գային նաև երգերի տեսակետից»,-ասաց Մակունցը: Հարցին, թե Մշակույթի նախարարություն ունե՞ր ժամանակ և լիազորություն սցենարին նախապես ծանոթանալու, Լիլիթ Մակունցն ասաց, որ իրեն տեղեկացրել են, որ Մշակույթի նախարարությունը բովանդակային մասով պատասխանատու չէ և դրա հետ կապված նախարարությունը որևէ միջամտություն չի արել: «Կարծում եմ, այս առումով մենք պետք է քաղաքականությունը վերանայենք հետագայի համար, մի շաբաթում դա դժվար էր վերանայել, բայց հետագայի համար նախարարությունն , անպայման, պետք է ծանոթանա սցենարին և իր դիտարկումներն անի»,-ասաց Լիլիթ Մակունցը: Հարցին, թե երիտասարդ նկարիչներին ի՞նչ առաջարկներ ունի, ասաց, որ առանձին հանդիպումներ են տեղի ունենում տարբեր շրջանակների հետ, առաջիկայում հանդիպում կլինի նաև նկարիչների հետ:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.