Քաղաքական լայն կոնսուլտացիաների միջոցով պետք է հասնենք համաձայնության, որ ունենանք ԱԺ-ն ցրելու մեխանիզմ. Էդմոն Մարուքյան

Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումները տարվում են, թե ովքեր են ներգրավված այդ խմբում, չեմ կարող ասել, չգիտեմ: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: «Երեկ չհասցրի խոսել Դանիել Իոաննիսյանի հետ, ով զբաղվում է այս հարցով, այսօր պետք է խոսենք: Խոսել ենք վարչապետի հետ, ես ներկայացրել եմ մեր նախնական մոտեցումները: Դրանք նորություն չեն: Երբ կլինի մեր հանդիպումը համապատասխան խմբի հետ, կարող ենք առարկայական քննարկել»,- ասաց Էդմոն Մարուքյանը: Պատգամավորի խոսքով՝ իրենք ուզում են, որ ռեյտինգային ընտրական համակարգը հանվի, ընտրողների ցուցակները մաքրվեն, ընտրողների իդենտիֆիկացիայի համակարգ ներդրվի: «Մենք պետք է անդրադառնանք քրեական օրենսգրքին՝ խստացնելով պատիժները, անդրադառնանք կուսակցությունների մասին օրենքին, որ ֆինանսավորումը չլինի ստվերային, փոքր ու միջին բիզնեսը, խոշոր բիզնեսը, գործարարները պետք է կարողանան բանկային փոխանցմամբ աջակցել այն կուսակցությանը, որին ցանկանում են աջակցել»,- ասաց Մարուքյանը: Պատգամավորը նշեց, որ սա կհանգեցնի քաղաքական համակարգի առողջացման, կիմանանք, թե ուր ուժերը որ խմբերի շահեր են ներկայացնում: «Մենք պետք է ունենանք այնպիսի ԸՕ, որ բոլորը հնարավորություն ունենալ ակտիվ կամ պասիվ մասնակցություն ունենալ ընտրություններին»,- հավելեց նա: Հարցին՝ աշնանը հնարավո՞ր է անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ինչպիսի՞ իրավական ճանապարհ կա դրանք անցկացնելու համար, երբ ՀՀԿ-ն կարծես դեմ է, Էդմոն Մարուքյանը պատասխանեց. «Կարծում եմ, որ քաղաքական լայն կոնսուլտացիաների միջոցով մենք պետք է հասնենք համաձայնության, որ ունենանք մեխանիզմ՝ խորհրդարանը ցրելու: Մենք պետք է ունենանք հնարավորություն ընտրական օրենսգիրքը ընդունելու, որի համար մեզ պետք է 63 ձայն: Մեզ պետք է լայն կոնսոլիդացիա, կոնսենսուս՝ այս խնդիրների լուծման շուրջ: ՀՀԿ-ն ասում է, որ օրակարգում չունի նման հարց, որովհետև դեռևս չկան կոնսուլտացիաներ: Երբ կլինեն կոնսուլտացիաներ, գանք համաձայնության, այո, աշնանը կարող ենք անցկացնել»:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.