Գնահատեք, զարգացրեք և օգտագործեք այն գիտելիքը, որ մատուցվել է ձեզ դպրոցում. Արմեն Սարգսյանի ուղերձը շրջանավարտներին

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել դպրոցների շրջանավարտներին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։ Ուղերձում ասվում է. «Սիրելիներս, Այսօր դպրոցական զանգը ձեզ համար վերջին անգամ է հնչելու: Սակայն չեմ ուզում ասել, թե դուք ձեր վերջին դասն եք անցկացնում, որովհետև դեռ շատ դասեր ունեք առնելու, և ինչու չէ, նաև ձեզնից են շատ դասեր վերցնելու: Այնպես որ, դուք նոր ճանապարհի մեկնարկին եք: Վստահ եմ, որ մեր երկրում տեղի ունեցած վերջին փոփոխությունների համապատկերում համոզվեցիք, թե ինչպիսի կարող ուժ է երիտասարդությունը, ինչպիսի խելահեղ հասակ է պատանեկությունը և ինչի կարող եք հասնել դուք ինքներդ, եթե միասնական լինեք ու հավատաք ձեր ուժերին: Շարունակեք հավատալ Հայրենիքի վաղվա օրվան, բայց պետք է ինքներդ դառնաք այդ օրը կերտելու ամենաակտիվ մասնակիցը: Ձեր ընտանիքներում, դպրոցներում, որոնք դարձել են ձեր երկրորդ տունը, հենց ձեր մեջ են տեսնում վաղվա օրը, հենց վաղվա օրն են տեսնում ձեր մեջ: Ուստի գնահատեք այն ջանքերը, որ գործադրում են ձեր ծնողները և ուսուցիչները: Գնահատեք, զարգացրեք և օգտագործեք այն գիտելիքը, որ մատուցվել է ձեզ դպրոցում, որովհետև դրանով եք բացելու դպրոցից հետո ձեզ հանդիպած առաջին դռները, դրա շնորհիվ եք կայանալու դուք և դրա միջոցով եք կայացնելու այն երկիրը, որն այսօր միգուցե երազանք է, բայց ամենամոտ ապագայում կարող է դառնալ տեսանելի իրականություն: Դարձեք այդ երազանքի մի մասնիկը: Կրթությունը մեր կարևորագույն արժեքներից մեկն է: Եթե ուզում ենք ունենալ զարգացած երկիր, ապրել ուժեղ պետության մեջ, մենք պարտավոր ենք ունենալ մրցունակ կրթական համակարգ, խելացի աշակերտ ու գիտակ ուսանող, կրթված ու մտածող քաղաքացի: Ձեր ձեռքերում է ոչ միայն անձամբ ձեր, այլև մեր երկրի ապագան: Վստահությամբ նայեք առաջ, վստահությամբ շարժվեք ձեր նախընտրած ուղղությամբ և հավատացեք, որ այսօր հնչող դպրոցական վերջին զանգը ձեզ առաջնորդում է երազանքի Հայաստան: Շնորհավորում եմ ձեզ, ձեր ծնողներին և ուսուցիչներին: Հաջողություն, լավատեսություն և ամենայն բարիք ձեզ»:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.