Զանգվածային լրատվության միջոցներում տեղեկատվություն է տարածվել, թե ոստիկանությունը չի արձագանքում «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերության` իրենց ձեռնարկությունների աշխատանքը խոչընդոտող զանգվածային միջոցառումները կասեցնելու կոչերին: Հայտնում ենք, որ մայիսի 18-ին նշված ՍՊԸ տնօրենը հաղորդում է տվել ոստիկանություն, որ նախորդ երկու օրերին Վարդենիսի տարածաշրջանի մի խումբ բնակիչներ փակել են Սոթքի ոսկու հանքի վարչական շենքի մուտքը, բաց հանք ու երկաթգիծ տանող ճանապարհները, ինչի հետևանքով խաթարվել է բնականոն աշխատանքը: Նույն օրվանից ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Վարդենիսի բաժնի ծառայողները բացատրական աշխատանքներ են սկսել ցուցարարների հետ, ինչի շնորհիվ մայիսի 24-ին, ժամը 17.00-ի սահմաններում, ճանապարհները բացվել են, և հանքի բնականոն աշխատանքը վերականգնվել է: Հաղորդման հիման վրա հետաքննություն է կատարվում: