Մշակույթի նախարարությունը հայտարարություն է տարածել

ՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ ուղղված Պատմության ու մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի տարածքներում գործունեություն իրականացնող սեփականատերերին և սուբյեկտներին: Արձագանքելով վերջին օրերին ՀՀ Սյունիքի մարզի Կուրիս համայնքի վարչական տարածքում գտնվող Սբ Ամենափրկիչ եկեղեցու վիճակի վերաբերյալ քաղաքացիների բողոքի ակցիաներին՝ հայտնում ենք, որ դեռևս 2010 թվականից ՀՀ մշակույթի նախարարությունը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը՝ մտահոգ լինելով «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի կողմից հանքի շահագործման հետևանքով հուշարձանին վնաս պատճառելու խնդիրներով, ձեռնամուխ է եղել հուշարձանի ու դրա տարածքի պահպանությանն ուղղված համալիր միջոցառումներին՝ առաջարկելով դադարեցնել կոմբինատի կողմից իրականացվող աշխատանքներն ու վերականգնել հուշարձանը, բարեկարգել շրջակա տարածքը, մասնակիորեն վերականգնել լանդշաֆտը և ամրացնել զառիթափ լանջը: Ագարակ համայնքի ավագանու 2012 թ. հոկտեմբերի 11-ի որոշմամբ եկեղեցու տեղափոխման նպատակով հատկացվել է 0.5 հա տարածք: Հաշվի առնելով, որ տնտեսական պատճառներով կոմբինատի գործունեությունը հնարավոր չի եղել դադարեցնել, նախարարությունը հուշարձանը փլուզումից փրկելու համար կազմել է «ՀՀ Սյունիքի մարզի Կուրիս գյուղի Սբ Ամենափրկիչ եկեղեցու սահմանված կարգով տեղափոխումը ՀՀ Սյունիքի մարզի Ագարակ քաղաք» ՀՀ կառավարության որոշման նախագիծ, որը ներկայացվել է ՀՀ կառավարություն: Մինչ օրս չի իրականացվել վերջինիս վերականգնման և տարածքի բարեկարգման հարցը, որը սահմանված կարգով հանքավայրը շահագործող կազմակերպության պարտականությունն է և գտնվում է օգտագործողի պարտավորվածությունների շրջանակում: Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ մշակույթի նախարարությունը բաց հայտարարությամբ դիմում է ՀՀ տարածքում գործող բոլոր սեփականատերերին և գործունեություն իրականացնող սուբյեկտներին՝ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության ու օգտագործման օրենսդրության պահպանման պահանջովով: Համաձայն «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 1) հոդված 15-ի մաս զ)՝ հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության ապահովման միջոցառումներից է շինարարական, գյուղատնտեսական և այլ աշխատանքների իրականացման ընթացքում հուշարձանների ու դրանց պատմական միջավայրի անվթարության ապահովումը, 2) հոդված 16-ի՝ հուշարձանների պահպանական գոտիները, բնակավայրերի պատմամշակութային հիմնավորման նախագծերը ելակետային հիմք են տարածաշրջանների, քաղաքաների և մյուս բնակավայրերի մանրամասն հատակագծման և կառուցապատման նախագծերի համար: Նշված գոտիների տարածքներում հողային, շինարարական և այլ տեսակի աշխատանքների, ինչպես նաև տնտեսական գործունեության իրականացումը կատարվում է լիազորված մարմնի թույլտվությամբ: Հուշարձանի պահպանական գոտիների տարածքը դասվում է պատմամշակութային նշանակության հողերի կատեգորիային և ունի այդ հողերի համար՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգավիճակ և օգտագործման ռեժիմ, 3) հոդված 22-ի՝ հուշարձաններ ներառող տարածքներում շինարարական, գյուղատնտեսական և այլ կարգի աշխատանքների համար հողի հատկացումները, կառուցապատման, ինժեներատրանսպորտային հաղորդակցության ուղիների նախագծերը սահմնավծ կարգով համաձայնեցվում են լիազորված մարմնի հետ: Եթե նշված աշխատանքները վտանգել են այդ տարածքներում գտնվող հուշարձանների պահպանությանն ու անվթարությանը նախապես, աշխատանքների պատվիրատուի միջոցներով իրագործվում են հուշարձանների պահպանությունն ու անվթարությունն ապահովող միջոցառումներ՝ հետախուզություն, պեղումներ, վերականգնման աշխատանքներ, բացառիկ անհրաժեշտության դեպքում՝ տեղափոխում և լիազորված մարմնի կողմից առաջարկվող այլ աշխատանքներ: Համաձայն ՀՀ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի հոդված 95-ի՝ «Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության կամ օգտագործման կանոնների խախտումը առաջացնում է տուգանքի նշանակում», Համաձայն ՀՀ «Քրեական օրենսգրքի» հոդված 264-ի «Պատմության կամ մշակույթի հուշարձանների ոչնչացնելը կամ վնասելը պատժվում են տուգանքով, կամ ուղղիչ աշխատանքներով, կամ կալանքով, կամ ազատազրկմամբ»:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.