Ծառուկյանի խաղը

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամկետներ դեռ հստակ չեն: Նախօրեին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը։ «Այո, մեր առաջնահերթություններից մեկն արտահերթ ընտրությունների անցկացումն է, բայց երկիրը պետք է դրան պատրաստ լինի: Օրինակ, Ընտրական օրենսգիրքը, ընտրական հանձնաժողովները, եթե մենք դրանով ենք գնում ընտրությունների, ապա արդյո՞ք դա է մեր ուզածը, արդյո՞ք ՀՀ քաղաքացիները կարողանում են այդ մեխանիզմներով, այդ օրենքով իրենց կամքն ամրագրել: Ես այդպես չեմ կարծում»,- ասել է  Արարատ Միրզոյանը: Առաջին փոխվարչապետը վկայակոչում է Ընտրական օրենսգրքի անկատար լինելը, որպես արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հիմնական խոչընդոտ։ Մինչդեռ ակնհայտ է, որ ազատ ու արդար ընտրություններ անցկացնելու գաղտնիքը բնավ օրենսգրքի էջերում չէ, որ թաքնված է։ Այդ մասին բազմիցս հայտարարել են նաեւ «Ելք» դաշինքի պատգամավորները, վստահեցնելով, որ քաղաքական կամքի առկայության պարագայում հնարավոր է անցկացնել ժողովրդավարական չափանիշներին համապատասխան ընտրություններ։ Արտահերթ խորհրդարանական ընտրությունները հետաձգելու «մեղքը» բարդելը ընտրական օրենսգքրի վրա, որքանով է արդարացված, թերեւս քննարկման մեկ այլ թեմա է։  Նախ եւ առաջ պետք է հստակեցնել, ցանկանում է արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը հիմա, կամ վեց ամիս անց գնալ արտահերթ ընտրությունների։ Փաշինյանն ու իր թիմը  խնդիր ունեն դասավորվելու ոչ միայն Երեւանում եւ պետական կառույցներում, այլ՝ մարզերում։ Հայաստանում ընտրությունները կեղծելու բանալին բնավ մայրաքաղաք Երեւանում չէ։ Նոր Կառավարությունը իր թիմը պետք է կենտրոնացնի նաեւ հանրապետության մյուս մարզերում եւ քաղաքներում։ Գաղտնիք չէ, որ մարզպետները՝ ընտրակեղծարարության հիմնական իրականացնողներն են իրենց տարածաշրջաններում, եւ  ընտրությունների ելքը մեծամասամբ կախված է եղել նրանց գործունեությունից։  Նիկոլ Փաշինյանը մարզպետների փոփոխությունից դեռեւս չի իրականացներ։ Նա օրեր առաջ ի պատասխան Irakanum.am-ի հարցի, թե նախատեսված է արդյո՞ք մարզպետների փոփոխություն, ասել էր, որ բոլոր մարզպետները կփոխվեն։ Միաժամանակ մենք տեղեկացրել էինք, որ կառավարությանը մաս կազմող ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն մարզպետների պորտֆելներ չեն ստանա։  Այս քայլով ըստ էության Նիկոլ Փաշինյանը կանխում է ապագա ընտրությունների կեղծումը նույն այդ ուժերի կողմից, որոնք տարիներ շարունակ լինելով ՀՀԿ-ի կցորդը, լավագույնս յուրացրել են ընտրակեղծարության մեխանիզմները՝ փող, բարեգործության անվան տակ տարբեր ծրագրեր, «տուկի» թել ու տրակտոր։  Հիմա Փաշինյանը ստեղծում է նոր Հայաստանում նոր իրավիճակ, որտեղ թաղային խուժանն ու փողը ընտրություններում դերակատարություն ունենալ չեն կարողանա։ Այս կերպ միայն հնարավոր կլինի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ լինել մեծամասնություն՝ շարունակելով այն ծրագրերը, որոնք մշակվել եւ մշակվելու են Փաշինյանի կողմից՝ թավշյա հեղափոխության արդյունքում իշխանության գալով։ Միաժամանակ ընտրություններին ակտիվորեն պատրաստվում է նաեւ Գագիկ Ծառուկյանի քաղաքական ուժը։ Երեկ իր կուսակիցներին հավաքել և ժողով է արել նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: Մամուլի հրապարակումների համաձայն Գագիկ Ծառուկյանն իր մոտ է հրավիրել տարածքային կառույցների ղեկավարներին և նրանց հանձնարարել ակտիվորեն զբաղվել կուսակցության գաղափարների և ծրագրերի քարոզչությամբ: Նա հանձնարարել է հիմնական շեշտը դնել 2017թ. կուսակցության նախընտրական ծրագրի և դրա հիմքում ընկած 15 կետերի վրա: Ինչպես հայտնի է՝ 2017թ. խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո Գագիկ Ծառուկյանը դադարեցրել էր կուսակցության տարածքային գրասենյակների ֆինանսավորումը, կուսակցության տարածքային պատասխանատուներին հանձնարարվել էր հանձնել վարձակալած տարածքները, և կուսակցության կենտրոնական գրասենյակ հանձնել գույքը: Հրապարակումների համաձայն երեկ նրանք հանձնարարություն են ստացել կրկին գրասենյակներ վարձակալել և հետ ստանալ իրենց գույքը:  Այսօր էլ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ ԲՀԿ-ն հենց վաղը պատրաստ է ընտրությունների։ Գագիկ Ծառուկյանը հույս ունի արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով հասնել 50+1-ի։ Կհաջողի արդյո՞ք նա, դժվար է ասել։ Ամեն դեպքում ժողովրդի թեկնածուին միացած քաղաքական ուժն ու նրա ղեկավարը այս պահին զբաղված են խաղեր տալով։ Irakanum.am
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.