Արևմուտքը սպառնում է Հայաստանին. թիրախում Նիկոլ Փաշինյանն է

Ինչպես հայտնի է, Հայաստանում տեղի ուենցած հեղափոխությունն օվացիաներով է ընդունվել ոչ միայն համայն հայության կողմից՝ անկախ աշխարհագրությունից, այլև միջազգային հանրությունն է տեղի ուենցածին բավական ջերմ արձագանքել. աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների մոտ ակնհայտորեն ձևավորվել է  հստակ կոնսենսուս Փաշինյանի անձի շուրջ, ու այժմ ՀՀ միջազգային գործընկերները, շունչները պահած, սպասում են հեղափոխական գործընթացի լիարժեք ավարտին՝ նորմալ աշխատանքային հուն վերադառնալու համար: Հիմնական խնդիրը, որ այժմ հուզում է բոլորին, արցախյան հարցն է. պայմանավորված համաշխարհային պրոցեսների առանձնահատկություններով՝ արցախյան հարցը գերտերությունների համար ձեռք է բերել հսկայական արժեք, քանի որ տերություններից ամեն մեկը ցանկանում է կոնկրետ դիվիդենտներ քաղել դրանից ու ամրապնդել սեփական դիրքերն աշխարհի այս հատվածում: Արցախը բանակցությունների լիարժեք կողմ ու բանակցությունները եռակողմ  դարձնելու վերաբերյալ Փաշինյանի՝ միառժամանակ առաջ կատարած հատարարությունը բավական ջերմորեն ընդունվեց Հայաստանի ներսում: Ավելին՝ Մոսկվայից  Երևան ուղարկված մի շարք կարևոր ազդակներ ևս հուշում են, որ Կրեմլը սկզբունքորեն ոչ միայն դեմ չէ Փաշինյանի առաջ քաշած գաղափարին, այլև հարկ եղած դեպքում պատրաստ է բացահայտորեն սատարել դրան՝ հույս ունենալով այդ ճանապարհով մեծացնել սեփական ազդեցությունն ինչպես բանակցային պրոցեսում, այնպես էլ՝ Անդրկովկասում: Եվ այս ֆոնին չափազանց հետաքրքրական էր հատկապես այն, թե Փաշինյանի համապատասխան մտքերն ինչ արձագանք կստանային ուժային մյուս կենտրոնի՝ Արևմուտքի կողմից, ով, ի տարբերություն Ռուսաստանի, բանակցային ներկա ֆորմատի պահպանման կողմնակից է՝ ձգտելով սեփական խաղը խաղալ  տարածաշրջանում: «Կարնեգի» հիմնադրամի փորձագետ Թոմաս դե Վաալը «Հայաստանի հեղափոխությունը և Ղարաբաղի հակամարտությունը» խորագրով հոդված է հրապարակել, ուր վերլուծել է Հայաստանում ստեղծված ներկա իրավիճակն ու այն դիտարկել արցախյան հակամարտության կարգավորման պրիզմայով: Պետք է նշել, որ դե Վաալն ամենևին էլ պատահական վերլուծաբան չէ, այլ հանդիսանում է Արևմուտքում արցախյան հարցով զբաղվող ամենահեղինակավոր փորձագետներից մեկը՝ համարվելով նաև անգլոսաքսոնական աշխարհի ոչ պաշտոնական խոսափողը տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցերում. նրա վերլուծականներում հիմնականում իրենց արտացոլումն են գտնում արևմտյան վերին էշելոններում տիրող տրամադրությունները: Եվ ահա Թոմաս դե Վաալն իր հոդվածում բավական ուշագրավ ակնարկներ է արել՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին, որոնցում ակնհայտորեն նկատվում է հիասթափություն. Արևմուտքում Փաշինյանի՝ Արցախի մասով կատարած հայտնի հայտարարությունները  բավական դժկամությամբ են ընդունել: «Փաշինյանը, որը 42 տարեկան է, նոր կառավարությունը ձևավորեց իրենից ավելի երիտասարդ անդամներով: Նա նաև խոստացել է արմատախիլ անել կոռուպցիան և մաքրել օլիգարխների համակարգը: Մինչդեռ բոլոր խոստումները և հույսերը կարող են հօդս ցնդել, եթե Հայաստանի նոր կառավարությունը մի սխալ անի. խոսքը ղարաբաղյան չլուծված հակամարտության մասին է Ադրբեջանի հետ, որը շարունակվում է 30 տարի: Փաշինյանը ավելի շատ խոսում էր որպես ամբոխի մարդ, քան դիվանագետ, ասելով, որ Ղարաբաղը Հայաստանի անբաժանելի մասն է: Վտանգն այն է, որ հայ առաջնորդը բացահայտ շեշտում է Լեռնային Ղարաբաղի ինքնիշխանությունը և ասում, որ տարածքները չեն վերադարձվելու»,-իր հոդվածում   գրել է դե Վաալն ու հիշեցրել  2016թ. քառօրյա պատերազմի մասին՝ միաժամանակ ողջունելով Ալիևի ներկա կեցվածքը: «Բայց որքա՞ն կտևի Ադրբեջանի նախագահի լռությունը»,-հռետորական  հարցադրում է արել փորձագետն ու եզրափակելով հոդվածը՝ հավելել՝ մահացող խաղաղ գործընթացը վերակենդանացման կարիք ունի, բայց Հայաստանի նոր առաջնորդները պետք է զգուշավորություն ցուցաբերեն իրենց լեգիտիմությունն օգտագործելու հարցում, որը ստացել են փողոցից: Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացը նուրբ կառույց է: Դրա ձախողումը միայն մեկ ճանապարհ կմատնանշի՝ նոր հակամարտության: Չտեսնել Թոմաս դե Վաալի խոսքերում ակնհայտ հիասթափություն ու պատերազմի սպառնալիք՝ Հայստանին, ուղղակի անհնար է: Ընդ որում՝ կարևոր է նաև գիտակցել, որ այս պարագայում այդ հիասթափությունը կրկնակի  է հենց միայն այն պատճառով, որ «թավշյա հեղափոխությունն» Արևմուտքում հույսեր էր արթնացրել, որ Հայաստանի նոր ղեկավարությունը, որ իշխանության է եկել արևմտյան դեմոկրատիային բոլոր բնորոշ նորմերի պահպանմամբ ու շատ իմաստներով այլևս անկախ է Մոսկվայից, կփորձի վերանայել այն աշխարհաքաղաքական ուղենիշները, որոնք բնորոշ են եղել Հայաստանին նախորդ իշխանությունների օրոք: Բայց Փաշինանի ինքնիշխան հայտարարություներն ակնհայտորեն Արևմուտքին հուշել են, որ այդ հույսերը բնավ արդարացված չեն, ու ՀՀ նոր ղեկավարությունը մտադիր է սեփական խաղը խաղալ՝ անկախ թե՛ Արևմոտքից ու թե՛ Մոսկվայից: Ավելին՝ դե Վաալի ջղաձիգ հոդվածը կարելի է նույնիսկ համարել յուրատեսակ մտավախության արգասիք առ  տարածաշրջանում Մոսկվայի  դիրքերի ամրապնդման. Փաշինյանի՝ Արցախին առնչվող հայտարարությունները  ձեռնտու են Կրեմլին, ինչն ինքնաբերաբար նշանակում է, որ դանք չեն կարող տեղավորվել արևմտյան շահերի շրջանակներում: Ահա հենց սա է ստիպել դե Վաալին ակնհայտ սպառնալիքներ տեղալ Հայաստանի գլխին (ի դեպ՝ ԱՄՆ-ն իր հերթին կարծես չեղարկել է «Հազարամյակների մարտահրավերների» շրջանակներում  Հայաստանին բազմամիլիոնանոց օգնության տրամադրումը, ինչը նույնպես կոնկրետ բաների մասին է վկայում): Ի՞նչ պետք է անեն հայաստանյան իշխանություններն այսքանից հետո: Պետք է վախենան ու նահանջե՞ն: Ո՛չ, իհարկե: Ընդամենը մեկ բան է պետք անել՝ շարունակել հանդես գալ հայանպաստ դիրքերից՝ անկախ այս կամ այն աշխարհաքաղաքական կենտրոնի սուբյեկտիվ վերաբերմունքից: Հայաստանն ունի իր շահերը, և դրանց հետ պետք է հաշվի նստեն անխտիր բոլորը, և  Արևմուտքը բնավ բացառություն չէ: Հզոր բանակ, զարգացող տնտեսություն՝ահա տարածաշրջանում կայունության պահպանման զույգ բանալիները:   Norlur.am  
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.