Սամվել Նիկոյանի հանգստյան տունը

«Կարկառուն» ՀՀԿ-ականներից մեկը՝ Սամվել Նիկոյանը, «Հայոց աշխարհին» հարցազրուց է տվել, որում  հանրության հետ փորձել է կիսվել իր խոհերով՝ երկրում ծավալված վերջին իրադարձությունների վերաբերյալ: Արձագանքելով լրագրողի այն դիպուկ նկատառմանը, թե ՀՀԿ-ն անհամբեր սպասում է կառավարության ձախողմանը, որպեսզի կարողանա ռեվանշի հասնել, Նիկոյանը հասկացնել է տվել, որ իրենք որևիցե կերպ չեն նախանձում Փաշինյանի ժամանակավոր կառավարությանը: «Ճիշտն ասած, մենք թեթևացած շունչ ենք քաշում. մինչև հիմա ով ինչ աներ, ինչ ասեր՝ պատասխանատուն ՀՀԿ-ն էր, հանրապետական պատգամավորները, որոնք փորձում էին պաշտպանել կառավարության նախաձեռնությունները, երբեմն նաև՝ անպաշտպանելին։ Հիմա այլևս խնդիր չունենք՝ անհարմար զգալու, պատասխանելու այս կամ այն նախարարի անհաջող արտահայտության համար, մեկնաբանելու, բացատրելու, ուղղելու, հղկելու և այլն։ Այսօր չունենք այդ խնդիրը՝ ով ինչ հիմարություն ուզում է՝ թող դուրս տա, մենք դրա հետ որևէ կապ չունենք, բայց չենք չարախնդում, երբ տեսնում ենք՝ որևէ նախարար կամ այլ պաշտոնյա մտքեր է արտահայտել, որ երկու-երեք ամիս աշխատելուց հետո երևի չէր բարձրաձայնի»,-թեթևացած շունչ է քաշել Նիկոյանը: Թե որքանով է Նիկոյանն անկեղծ հասարակության հետ, չափազանց դժվար է ասել: Միգուցե իսկապես Նիկոյանի սրտով է  ՀՀԿ-ի՝ շատերի համար անակնկալի վերածված ներկա կարգավիճակն, ու նույնիսկ Ազգային ժողովի շենքն այլևս նրա համար յուրատեսակ հանգստյան տան է վերածվել, սակայն արդյոք  ասենք խորհրդարանական ընտրությունների գնալիս ՀՀԿ-ն նման ճակատագի՞ր էր իր համար նախատեսել,թե՞ շատ ավելի լուսավոր: Եթե Նիկոյանի համար  սեփական կուսակցության փաստացի պարտությունը թեթևացած շունչ քաշելու առիթ է դարձել, ապա պետք է ենթադրել, որ  կա՛մ նա լավ չի պատկերացնում քաղաքական պայքարի էությունը, կա՛մ նրան իր կամքին հակառակ են պահում Հանրապետականում. Նիկոյանը ոչ թե պետք է թեթևացած շունչ քաշի, այլ վերանայի սեփական սկզբունքները՝ խատառակ եղած Հանրապետականին գոնե այս փուլում՝ ընդդիմադիրի կարգավիճակում, երեսն ինչ-որ կերպ պարզ անելու համար, եթե, իհարկե, նման բան ընդհանապես հնարավոր է: Մինչդեռ նա, փաստորեն, երազում է ազատ շնչելու մասին: Մի՞թե իշխանություն ունենալն այդքան տհաճ բան է Նիկոյանի համար: Եթե այո, ապա ի՞նչն էր նրան ու նրա կուսակցությանը խանգարում ասենք ձեռնպահ մնալ Ազգային ժողովի ընտրությունները կեղծելուց (տոտալ կաշառատվությունը ոչ միայն ընտրակեղծարարություն է, այլև հանցագործություն): Անկասկած է, որ Նիկոյանի արտահայտությունները որևիցե կերպ չեն կարող արտահայտել նրա իրական խոհերը՝ զուտ օբյեկտիվորեն. իշխանությունն անտանելի բեռ համարողն իշխանության համար  հոգի չի տա… Norlur.am                
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.