Բաժին : Մեկնաբանություն
Միհրան Պողոսյանին «շառով են տվել»
ԱԱԾ կողմից կազմված 350 անձանց անուններից բաղկացած համապատասխան ցուցակի առկայության մասին ԱԱԾ ղեկավարի հայտարարությունից հետո գրեթե աննախադեմ իրավիճակ է ստեղծվել. հասարակությունը շունչը պահած սպասում է, թե երբ են հանրայնացվելու այն մարդկանց անուններն, ովքեր երկար տարիներ հարստություն են կուտակել փաստացի ժողովրդի հաշվին՝ կուտակած փողերի մի մասը թողնելով երկրում, մյուսն էլ արտահանելով արտերկրի բանկեր կամ, որ ավելի վատ է, օֆշորներ:
Նիկոլ Փաշինյանի՝ Միհրան Պողոսյանի օֆշորային գործի վերաբերյալ հայտարարությունից մեկ օր հետո Միհրան Պողոսյանն ԱԺ միջանցքում ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ, ուր հանրության հետ կիսվել է Փաշինյանի հայտարաույունից ստացած իր տպավորություններով. Պողոսյանը հիացմունքով է արձագանքել Փաշինյանի պլաններին՝ վերաբացելու Միհրան Պողոսյանին առնչվող օֆշորի գործը՝ հայտարարելով, թե ինքը վախենալու բան չունի ու իր կյանքն ապրել է իր խղճի ու դաստիարակության համաձայն:
Ընդհանրեպես, շատերը նկատած կլինեն, որ հասարակության կողմից շատ դեպքերում ոչ սիրելի հանդիսացող շատ ՀՀԿ-ականներ վաղուց յուրացրել են լրագրողների շրջապատում «կռուտիտ» լինելու կենսական արվեստը: Այդպիսիներից մեկն էլ, փաստորեն, Միհրան Պողոսյանն է, ով, ինչպես հայտնի է, միայն վերջին շրջանում է սկսել քիչ-միչ շփվել հասարակության աչքերն ու ականջները հանդիսացող լրագրողների հետ. անցյալում՝ նախքան պատգամավոր դառնալն ու ԴԱՀԿ պետ եղած ժամանակ, նա չափազանց սակավախոս էր, հարցազրույցներ էլ տալիս էր խիստ բացառիկ դեպքերում, ինչը, թերևս, պատճառներից մեկն էր դարձել, որպեսզի նրա անվան շուրջ մութ լեգենդներ պտտվեն, բազմապիսի բամբասանքներ ու տհաճ խոսակցություններ լինեն: Բայց անկասկած, կարևորը ոչ թե լրագրողներին հացրազրույց տալ-չտալն է, այլ այն, թե կոնկրետ ինչ ասելիքով է հանդես գալիս այս կամ այն գործիչը:
Արդյոք Միհրան Պողոսյանի՝ լրագրողներին տված նմանօրինակ պատասխանները բավարար կարելի՞ է համարել՝ ցրելու համար նրա անձի շուրջ գոյացած կասկածները, թե՞ այս ընթացքում՝ նախքան հեղափոխությունը, նա կարողացել է, հասցրել է այնպես կոծկել հետքերը, որ այլևս որևիցե իրավապահ մարմնի համար հնարավոր չլինի Միհրան Պողոսյանի ինչ-որ հետք նույնիսկ հեռավոր հորիզանում նշմարելը: Եվ կամ մի՞թե հասարակությունը նման պատասխանի է սպասում Պողոսյանից այն պարագայում, երբ խոսքը բյուրավոր միլիոնների մասին է գնում: Կներե՛ք՝ ի՞նչ կապ ունի Միհրան Պողոսյանի՝ մանուկ հասակում սեփական ծնողներից ստացած դաստիարակությունը փաստացի թալանված միլիոնավոր դոլարների հետ: Խիղճը ո՛չ քաղաքական կատեգոիա է, ո՛չ էլ՝ տնտեսական՝ ի տարբերություն ասենք բանանային մենաշնորհի, և բոլորովին վատ չէր լինի, եթե Պողոսյանը համենար պատասխանել գոնե մեկ հարցի՝ ինչո՞ւ է հենց ինքը հայտնվել օֆշորային սկանդալի կենտրոնում, եթե, ինչպես ինքն է պնդում, անմեղ է: Ո՞վ է, տեսնես, նրա դեմ շինծու գործ սարքել, և ամենակարևորը՝ ի՞նչ անմարդկային նպատակներիցից ելնելով է որոշել շառով տալ խեղճ Միհրանին:
Norlur.am