Ռուսական զենքի գործոնը. Պուտինի քաղաքական աջակցությունը՝ Նիկոլ Փաշինյանին

Ինչպես հայտնի է, բոլորովին վերջերս  Իլհամ Ալիևը, գտնվելով Նախիջևանում, հայտարարել էր, թե Նախիջևանում տեղակայված հրթիռները ունակ են խոցել հայկական ցանկացած թիրախ՝ ըստ էության՝ ակնարկելով ռազմական բախման այն հնարավոր սցենարի մասին, որը գործի է դրվելու Բաքվի կողմից արցախյան նոր պատերազմի վերսկսման դեպքում: Ռազմաքաղաքական  իրավիճակի լրջության մասին  կարող է վկայել նաև այն, որ վերջին օրերին հայկական կողմը բավական լուրջ ուշադրություն է սկսել դարձնել նույն Նախիջևանի սահմանի ուղղությամբ տեղի ունեցող ինչ-ինչ պրոցեսներին (Ադրբեջանը շարունակում է այստեղ մեծ թվով ռազմական տեխնիկայի կուտակումները), ինչը ակնհայտորեն վկայում է միգուցե առայժմ լատենտ, սակայն հաստատուն բնույթ կրող լարվածության մեծացման մասին, որ կարող է ամեն րոպե մի նոր ու գլոբալ տարածաշրջանային պայթյունի պատճառ դառնալ: Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը, հղում անելով զինվորական շրջանակներին, ինչպես հայտնի է, հայտարարություն է տարածել՝ վստահեցնելով, որ Հայաստանը մոտ ապագայում հնարավորություն է ստանալու իր զինված ուժերը համալրել ռուսական հակաօդային պաշտպանության ՏՈՐ-2 զենիթահրթիռային համակարգերով, որոնք կոչված են պայքարելու բոլոր տեսակի, այդ թվում՝ բարձր ճշգրտության կառավարելի հրթիռների դեմ: Ռուսաստանի նմանօրինակ ժեստը Հայաստանի նկատմամբ հուշում է, որ Մոսկվայում լիովին գիտակցում են տարածաշրջանում ՌԴ միակ դաշնակցի  անվտանգության ապահովման գերկարևորությունը նախևառաջ Ռուսաստանի անվտանգության շահերի տեսանկյունից, և անկախ այն  բանից, թե Բաքուն տարեկան որքան դոլարի զենք է գնում Մոսկվայից, Կրեմլը չի դադարում  հանդիսանալ Հայաստանի ռազմաքաղաքական անվտանգության գլխավոր երաշխավորը: Հարց կարող է ծագել՝ կարո՞ղ են, արդյոք, սպասվելիք մատակարարումներն ինչ-որ կերպ  համարվել նաև ռուսական իշխանությունների կողմից հայաստանյան նոր իշխանություններին ուղղված համապատասխան դրական ժեստ՝ ներքաղաքական իմաստով, և եթե այո, ապա ի՞նչ է դրանով ակնարկվում Փաշինյանին: Միանշանակ է, որ հակաօդային պաշտպանության համակարգերի մոտալուտ մատակարարումը Հայաստան ոչ միայն պայմանավորված է ասենք Ալիևի՝ Նախիջևանում կատարած  հակահայկական հայտարարություններով, այլև Պուտին-Փաշինյան հարաբերությունների որակով: Ավելին՝ գրեթե կասկած չկա, որ Մոսկվան սույն քայլով իր օժանդակությունն է փորձում հայտնել  կոնկրետ Փաշինյանի իշխանությանը Հայաստանում՝ շատ իմաստներով ամրապնդելով նոր իշխանությունների ողնաշարը: Չնայած Փաշինյանի կառավարությունը ռուսական որոշակի շրջանակների կողմից ընկալվում է որպես առավելապես  արևմտամետ, սակայն ակնհայտ է, որ կոնկրետ Կրեմլում Մոսկվայի դեմ դավադրություններ փնտրելու փոխարեն նախընտրում են առողջ ու փոխշահավետ երկխոսության ծավալումը Փաշինյանի հետ՝ ձախողելու Արևմուտքի պլանները՝ նոր իրավիճակում դառնալու Հայաստանի հովանավորը տարածաշրջանում, ինչը նախևառաջ ուղղված է Մոսկվայի շահերի դեմ: Միամտություն կլինի կարծել, որ դիցուք ՏՈՐ-2 զենիթահրթիռային համակարգերի մատակարման վերաբերյալ ռուսական կողմի հետ նախորդ իշխանությունները բանակցություններ չեն վարել, սակայն միանշանակ է, որ մատակարարումների ժամանակահատվածի ընտրությունն իր մեջ կոնկրետ քաղաքական ենթատեքստ է պարունակում՝ ուղղված նոր իշխանություններին, որոնց գաղափարն՝ Արցախը վերածելու բանակցային լիարժեք կողմի, միանշանակորեն ձեռնտու է Մոսկվային, ինչի մասին իր խոսքում օրերս ակնարկել էր Կազիմիրովը. դրա շնորհիվ Արևմուտքի դիրքերն էականորեն կարող են թուլանալ: Այսպիսով՝ պետք է այլևս ամրագրել, որ հայաստանյան նոր քաղաքական իշխանությունները լիարժեքորեն ըմբռնում են գտել Կրեմլում, ինչն, անկասկած, պարտավորեցնող է նաև Փաշինյանի համար՝ Հայաստանի ատաքին քաղաքականությունը ոչ ի վնաս Մոսկվայի պլանավորելու, Արևմուտքի հետ հարաբերություններ կառուցելիս ռուսական կողմի շահերը բոլոր դեպքերում հաշվի առնելու տեսանկյունից:   Norlur.am                      
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.