Հիմա մեր խնդիրն է, որ համակարգն այնպիսի վիճակի բերենք, որ ներդրողներն ունենան բավարար պաշտպանվածություն. Ա. Մինասյան

Բոլոր այն ծրագրերը, որոնք արդյունավետությամբ բարձր են և միտված են ՀՀ մրցունակ տնտեսության արդար տնտեսական կարգերի հաստատմանը, մնալու են: Այսօր երդմնակալությունից առաջ նման տեսակետ հայտնեց Տնտեսական զարգացման և ներդրումների նորանշանակ նախարար Արծվիկ Մինասյանը: Նա նշեց, թե այս ամենին զուգահեռ իրենք մեծածավալ փոփոխություններ են անելու: «Մեծածավալ փոփոխություններ պետք է անենք հակամենաշնորհային քաղաքականության, բիզնես միջավայրի բարելավման, Հայաստանի արտահանման հնարավորությունների ընդլայնման, նոր մեխանիզմների գործադրման ուղղությամբ: Ներկայացրել ենք առաջարկություններ, որոնք հիմնված են մեր տնտեսության թույլ կողմերը վեր հանելուն ու բացահայտելուն»,- ասաց նա: Նախարարը նկատեց, որ այսօր ներդրումների հետ կապված դրական ազդակներ կան՝ զանգերը, կապ հաստատելը բավականին շատ են ներդրողների կողմից: Մինասյանը կարծում է, որ կա նաև օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտություն: «Հիմա մեր խնդիրն է, որ համակարգն այնպիսի վիճակի բերենք, որ ներդրողներն ունենան բավարար պաշտպանվածություն: Հիմա շատ ավելի մեծաթիվ ցանկություն հայտնողներ կան, ինչից մենք պետք է օգտվենք, որպեսզի նոր կառավարությունը երկրին, պետությանն ու ժողովրդին շատ ավելի ուժեղ տնտեսական համակարգ թողնի: Նոր գործիքներ պետք է առաջարկենք, որ կապերն ու զանգերը վերածվեն իրական ներդրումների: Պետք է լինի քաղաքական ռիսկերից ապահովագրություն, որի մեջ է մտնում փոխարժեքի հնարավոր տատանումից մինչև արտաքին միջամտութուն: Այստեղ Համաշխարհային բանկն է առաջարկություն արել, որ պատրաստ են աջակցել նման համակարգի ներդրման համար»,- շարունակեց Արծվիկ Մինասյանը: Ինչ վերաբերում է հարցին, թե որ վարչապետի հետ էր հեշտ աշխատել՝ Կարեն Կարապետյանի, թե Նիկոլ Փաշինյանի, նախարար Մինասյանը պատասխանեց. «Յուրաքանչյուր վարչապետ իր աշխատանքի ոճն ու մոտեցումն ունի: Գլխավորն այն է, որ պետության շահը կենտրոնական տեղում լինի»:  
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.