Ապրիլ-մայիսին մարդիկ խզել էին ավանդային պայմանագրերը, իսկ կապիտալի արտահոսք չի եղել. Ջավադյան

Այս տարվա ապրիլ-մայիսին, երբ Հայաստանում քաղաքական ակտիվ գործընթացներ էին գնում, մարդիկ ժամկետից շուտ խզել են ավանդային պայմանագրերը բանկերի հետ: Այս մասին, այսօր՝ մայիսի 21-ին, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը ներկայացնելիս նշել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը: Նրա խոսքով, այդ միտումը սկսել է նկատվել ապրիլի 22-ից, իսկ հետո սկսվել է վերականգնման փուլը, որն սկսվել է մայիսի 10-ից: «Խոսքը հարյուրավոր միլիոնների մասին չի եղել, այլ մի քանի տասնյակ մլն դոլարի մասին: Բայց դա կարեւոր չէ, որովհետեւ ժամկետից շուտ խզումներ եղել են: Նման երեւույթ տեսել ենք նաեւ 2014-ի վերջին, բայց նման արագ վերականգնում այն ժամանակ չի եղել:  Հիմա ոչ մի խնդիր չունենք, դրական է սալդոն: Հիմա ավելի բարձր տեմպերով վերականգնումն է ընթանում»,-ասել է Ջավադյանը՝ չցանկանալով նշել, թե կոնկրետ որքան գումարի մասին է խոսքը: Ինչ վերաբերում է կապիտալի արտահոսքին, ԿԲ նախագահն ասաց, որ այդ մասին խոսակցությունները հիմնականում միֆեր են. «Եղել են արտահոսքեր, որոնք բնականոն էին, բնորոշ էին այդ ժամանակահատվածին: Որոշակի արտահոսք եղել է, բայց դրանք հիմնականում կապված են եղել այն ապրանքնատեսակների հետ, որոնք ներկրվում էին: Ոչ թե գործարարները դուրս են բերել իրենց կապիտալը, այլ այն գործարքները, որոնք կարող էին անել այստեղ, չեն արել: Մենք արտահոսքի արտառոց դեպքեր, երբ մարդիկ սկսեն դուրս բերել իրենց ակտիվները, դրան բանը չհասավ: Մեր բիզնեսը այդքան մեծ խնայողություններ չուներ, որ դուրս բերեր: Այնպիսի արտահոսք, որի մասին խոսում են, որը բնականոնից դուրս է, նման արտահոսք չի եղել»:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.