Բացահայտվել է Չարենցավանի բնակչուհու նկատմամբ կատարված հարձակումը. գողոնը հայտնաբերվել է

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում քննություն է տարվում` պարզելու Չարենցավանի բնակչուհու նկատմամբ կատարված հարձակման հանգամանքները. 2 անձ ձերբակալվել է, որոնցից մեկը՝ անչափահաս։ ՀՀ Քննչական կոմիտեից  հայտնում են, որ նախնական տվյալներով՝ 2018թ. մայիսի 19-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք ապօրինի մուտք են գործել Չարենցավան քաղաքի բնակարաններից մեկը և, բռնություն գործադրելով տանտիրոջ՝ Չարենցավանի բնակչուհու նկատմամբ, հափշտակել ոսկյա զարդեր, ապա՝ դիմել փախուստի: Դեպքի առթիվ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Կոտայքի  մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում։ Ստեղծվել է քննչական խումբ, մշակվել քննչական պլան և ձեռնարկվել մեծածավալ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։ Կինը ճանաչվել է տուժող: Արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր հանդիսանում են Չարենցավան քաղաքի երկու բնակիչ, որոնցից մեկը՝ անչափահաս՝ ծնված 2001թ.: Վերջիններս ձերբակալվել են և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ: Նախնական քննությամբ պարզվել է, որ գողացված ոսկյա զարդերը վաճառվել են մեկ այլ անձի, սակայն դրանք հայտնաբերվել են և առգրավվել: Նշանակվել է դատանյութագիտական և դատաապրանքագիտական համալիր փորձաքննություն: Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.