Աղմուկ՝ նոր կառավարության շուրջ. ի՞նչ կապ ունի Գագիկ Ծառուկյանը

Չնայած ժամանակավոր կառավարությունը դեռ նոր-նոր է սկսում իր գործունեությունը, սակայն արդեն լուրեր են տարածվել այն մասին, որ դրանում ընդգրկված որոշ դեմքեր նոր կառավարության կազմում են հայտնվել բավական կասկածելի ճանապարհներով: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների ԲՀԿ-ական նախարար Արթուր Գրիգորյանին և ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Աշոտ Հակոբյանին: «ՀԺ»-ին հայտնի է դարձել, որ   դիցուք այս երկուսը 1990-95 թվականներին սովորել են ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում, ինչն էլ առիթ է հանդիսացել, որ մեկը մյուսի միջնորդական ջանքերի շնորհիվ կյանքում նորանոր ձեռքբերումներ ունենա: Ըստ թերթի տեղեկությունների, որոնք փաստացի չեն հերքվել, քաղաքացուն 2012 թվականին «բոմժ» անվանած և դրանով հասարակության շրջանում վատ համբավ ձեռք բերած Արթուր Գրիգորյանը, ով մինչև նախարար դառնալը եղել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բիզնեսների կառավարիչը, անձամբ է երաշխավորել Ծառուկյանին, որ Աշոտ Հակոբյանին տրվի տրանսպորտի նախարարությունը. երկուսն էլ ԲՀԿ-ականներ են ու ժամանակավոր կառավարության կազմում են հայտնվել Նիկոլ Փաշինյան-Գագիկ Ծառուկյան քաղաքական համաձայնության արդյունքում: Ինչ խոսք՝ դեռ չափազանց կարճ ժամանակահատված է անցել, որպեսզի հնարավոր լինի օբյեկտիվորեն գնահատական տալ ժամանակավոր կառավարության գործունեությանը, ծանրութեթև անել արդյունքներն ու դրանցով հիանալ կամ դրանք պախարակել, սակայն արդեն իսկ գրեթե կասկած չկա, որ այս կառավարությանը նույնպես ապագայում չի հաջողվելու խուսափել այն սխալներից, որոնք թույլ են տրվել նախորդի կողմից: Եվ հարցն այստեղ բնավ քաղաքական կամքի մեջ չէ, այլ այն ցածր որակական հատկանիշների, որոնք որոշ նորաթուխ նախարարներ՝ Ծառուկյանի քաղաքական թիմից, ունեն: Ակնհայտ է, որ դիցուք այս դեպքում գործ ունենք պրիմիտիվ կոռուպցիոն սխեմայի հետ. հովանավորչությունն ու  սրա-նրա համար բարեխոսելը նույնպես կոռուպցիայի մի դրսևորում է համարվում՝ չմոռանա՛նք: Եվ ուրեմն՝ բնական հարց է առաջանում՝ Գագիկ Ծառուկյանի որոշումը՝ նախարար կարգել հենց միմյանց միջև «հարազատական» կապերի մեջ գտնվող այս երկուսին, հատկապես ինչո՞վ է պայմանավորված, Փաշինյանի կառավարությունը ներսից «ականապատելու» թաքուն մղումո՞վ, թե՞, պարզապես, համապատասխան կադրերի ներկուսակցական սովով: Իսկ միգուցե Ծառուկյա՞նն է հատուկ հարաբերությունների մեջ գտնվում այս նախարարների հետ ու դա՞ է նրան հիմքեր տվել իր մտերիմներին կյանքի հաճույքները վայելելու հնարավորություն տալու, նրանց օգնելու՝ կյանքը բացահայտել  առավել վառ կողմերից: Ո՞վ գիտե… Բոլոր դեպքերում անվիճելի է,որ ներկառավարական առաջին սկանդալն այլևս իրականություն է,ու այն կապված է «Ծառուկյան» դաշինքի անվան հետ՝ մի բան, որը կարող է վկայել ոչ այնքան հաճելի իրողությունների մասին:   Norlur.am      
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.