Նման անօրինականությունները մենք չենք հանդուրժի. Տարոն Մարգարյան

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական տալու մտադրություն չունի։ Քաղաքապետը դուրս է եկել քաղաքապետարանի մոտ ի աջակցություն իրեն հավաքված անձանց մոտ։ Պատասխանելով լրագրողների հարցին՝ իր հրաժարականի վերաբերյալ՝ Մարգարյանն ասել է. «Ամբողջ աշխարհում ընդունված չէ, որ մի քաղաքական ուժ գա իշխանության եւ փորձի ճնշել տեղական ինքնակառավարման ընտրովի մարմիններին»։ Նա նաեւ դատապարտել է ավելի վաղ իր դեմ բողոքի ելած ցուցարարներին, նրանց մեղադրել ուղղորդված լինելու մեջ։ «Դատապարտում եմ, հստակ երեւում է, որ օրենքի խախտում է եղել։ Ակտիվիստները ներխուժել են քաղաապետարանի շենք եւ փորձել են քաղաքապետարանի բնականոն աշխատանքը խաթարել»,- ասել է Մարգարյանը եւ հավելել. «Նման անօրինականությունները մենք չենք հանդուրժի, կոչ ենք անում իրավապահներին՝ հարցը վերցնել իրենց քննության տակ»։ Մյասնիկյանի հետեւի այգու վերաբերյալ էլ ասաց, որ այգին դեռ տասը տարի առաջ տրված էր վարձակալության։ Վարձակալը հրաժարվեց այգուց, եւ «Վարդանյան ընտանիք» հիմնադրամը փորձեց իրականացնել բարեկարգման աշխատանքներ։ «Երեք ամիս շարունակ աշխատանքներն ընթանում են։ Ուզում եմ վստահեցնել, որ այգին որեւիցե առեւտրային, սրճարանային տարածքներ չի հատկացվելու։ Այգին լինելու է համայնքինը։ Որոշակի ծառահատումներ եղել են, եւ նաեւ Վարդանյանների ընտանիքը ծրագրումէ կանաչ տարածքներն ավելացնել»։ Տարոն Մարգարյանը շնորհակալություն հայտնեց իրեն աջակցող քաղաքացիների խմբին։ Սոցցանցերում տարածված տեղեկությունների համար քաղաքապետարանի մոտ քաղաքապետին աջակցելու համար ժամանել են թաղապետարանների աշխատակիցներ, համատիրությունների ներկայացուցիչներ, ՀՀԿ-ականներ։ Նախօրեին համացանցում լուսանկարներ էին տարածվել, որում պատկերված է Երեւանի 2800-ամյակի այգու շինաշխատանքների հրապարակը: Ավելի վաղ Երեւանի քաղաքապետարանը հանդես էր եկել հայտարարությամբ՝ նշելով, որ բարեկարգման աշխատանքների շրջանակում նախատեսված է այգին համալրել քառապատիկ ավելի քանակությամբ նոր ու բարձրարժեք ծառերով, որոնք համահունչ են լինելու բարեկարգվող այգուն: «Ավելորդ չենք համարում հիշեցնել, որ դեռեւս նախորդ տարվա դեկտեմբերին, Երեւանի ավագանու որոշմամբ, հավանություն է տրվել Երեւան քաղաքի Ա. Մյասնիկյանի արձանի հետնամասում գտնվող Իտալիայի, Բեյրութի, Խորենացու եւ Գ. Լուսավորչի փողոցների սահմաններով պարփակված այգին «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից բարեկարգելու առաջարկին, որը կնվիրվի Երեւան քաղաքի հիմնադրման 2800-ամյակին: Բացի այգու հիմնանորոգման աշխատանքներից, «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամը պատրաստակամություն է հայտնել նաեւ հետագա տարիներին իր միջոցների հաշվին իրականացնել այգու շատրվանների ինժեներական եւ տեխնիկական սպասարկումը, սարք-սարքավորումների խոտանման դեպքում՝ դրանց վերականգնումը, փոխարինումը նորով, վնասված սալերի փոխարինումը եւ վերանորոգումը, ինչպես նաեւ կանաչ գոտիների խնամքն ու սպասարկումը», - ասված է քաղաքապետարանի հայտարարության մեջ:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.