Զգայուն իրավիճակ. ի՞նչ ճակատագիր է սպասվում գլխավոր դատախազին

Մայիսի 15-ին  խորհրդարանում պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե իշխանափոխությունից հետո ինչո՞ւ հրաժարականի դիմում չի ներկայացնում, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը բառացիորեն պատասխանել է. «Ես դրա համար հիմքեր չեմ տեսնում»: Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից կամ հեղափոխությունից հետո (քաղաքագետների  կարծիքները տարբեր են տեղի ունեցածի ճշգրիտ բնորոշման հարցում) Հայաստանի ներքաղաքական համակարգում բավական ուշագրավ իրավիճակ է ստեղծվել. ՀՀԿ-ականները կամ այդ կուսակցության հետ ասոցացվողներից շատերը կտրականապես  մերժել են ներկա համակարգի մաս կազմելու ցանկացած առաջարկ ու հնարավորություն՝ ձեռնպահ մնալով քաղաքական պատասխանատվություն կիսելուց Փաշինյանի թիմի հետ: Դատելով, սակայն, գլխավոր դատախազի այսօրինակ պահվածքից, վերջինս  չի պատրաստվում  կամավոր սկզբունքով հրաժարական ներկայացնել՝ իր խոսքերով՝ դրա համար հիմքեր չտեսնելով՝ չնայած անխուսափելիորեն ասոցացվել է Սերժ Սարգսյանի իշխանության հետ: Միգուցե ոմանք կարող են ասել, թե Դավթյանը որևիցե պարտավորություն չի կարող ունենալ որևիցե մեկի առաջ՝ անկախ այն բանից, թե ՀՀԿ-ն մաս կազմո՞ւմ է իշխանությանը, թե՞ ոչ: Ինչ խոսք՝ միգուցե ֆորմալ առումով ամեն բան հենց այդպես է, սակայն արդյոք Դավթյանի չափից դուրս ինքնավստահ պահվածքը կարելի՞ է հիմնավոր համարել, մի՞թե նա այնքան անսխալական է աշխատել, որ կարող է իրեն թույլ տալ նման ճոխություն: Կամ արդյոք կուսակցական տոմս ունենալ-չունենալն այս պարգայում կարո՞ղ է լուրջ փաստարկ հանդիսնալ այն պարագայում, երբ հայտնի է, որ բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները Հայաստանում նշանակվել ու  նշանակվում են՝ քաղաքական  սկզբունքներից ելնելով: Դավթյանն իրեն նախորդ իշխանությունների մաս չի համարում ու այդ պատճառո՞վ է հրաժարվում խոսել հավանական հրաժարականի մասին, թե՞ փորձում է իր այդ կեցվածքով ինք զինք ՀՀԿ-ին մատուցել վերջին փրկօղակի դերում՝ ասենք Տարոն Մարգարյանի օրինակով: Վերջապես ակնհայտ է, որ հեղափոխության հաղթանակից հետո  Դավթյանն այն պաշտոնյաներից է, ով որևիցե կերպ չի կարող ցանկալի համարվել Փաշինյանի իշխանության կողմից. միայն շարժման ժամանակ պատգամավորների ձերբակալությունն ու Դավթյանի միջնորդությունը՝ նրանց անձեռնմխելիությունից զրկելու, բավական է, որպեսզի Դավթյանը, գոնե ելնելով բարոյական սկզբունքներից, դադարի անհիմն կերպով ժամանակ ձգելու պրակտիկան ու իր մեջ ուժ գտնելով՝ հրաժարվի գլխավոր դատախազի հարմարավետ աթոռից: Բոլոր դեպքերում ակնհայտ է, որ վերին օղակներում անցյալից մնացած դեմքերը նոր Հայաստանում այլևս անելիք չեն ունենալու՝ ոչ միայն  քաղաքական իրողություններով պայմանացորված, այլև, անկասկած, աշխատանքային մեթոդոլոգիայի գործոնով: Այնպիսի դեմքեր, ինչպիսին դիցուք Արթուր Դավթյանն է, մեծագույն ցանկության դեպքում անգամ չեն կարող երկու տիրոջ ծառա դառնալ. հասարակությունը դա  հանդուրժի: Norlur.am
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.