Ադրբեջանի իշխանությունները միջազգային հանրությանը միտումնավոր կերպով մոլորեցնում են. Ստեփանակերտ

Ադրբեջանի իշխանությունները տարբեր տեխնոլոգիաների օգնությամբ աղավաղում են միջազգային իրավունքի սկզբունքները, որ մոլորության մեջ դնեն միջազգային հանրությանը, բայց առաջին հերթին՝ իրենց քաղաքացիներին։ Այս մասին  NEWS.am–ի հետ զրույցում հայտնել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցչի հայտարարությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ։ «Առաջինը՝ ադրբեջանական կողմի փորձերն են տարածքային ամբողջականության սկզբունքը ներկայացնել որպես գերակա։ Իրականության մեջ սկզբունքների մեջ հիերարխիա չկա, բոլորը հավասար են։ Բացի այդ, տարածքային ամբողջականության սկզբունքը վերաբերում է ուժային մեթոդներով արտաքին փոխազդեցությանը, որը Լեռնային Ղարաբաղում, որի բնակչությունը անկախություն է հռչակել, չի կարելի կիրառել»,–նշել էԴավիթ Բաբայանը։ Այս համատեքստում նա հիշեցրել է Կոսովոյի օրինակը, որի անկախության ձեռքբերման հիմնավորումը արտացոլվել է բազմաթիվ փաստաթղթերում, զեկույցներում եւ հետազոտություններում ԱՄՆ–ում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում եւ այլն։ «Նույնը նաեւ տարածվում է Ղարաբաղի վրա, եւ այստեղ գործում են այդ նույն սկզբունքները».–նշել է Դավիթ Բաբայանը՝ հավելելով, որ միջազգային օրենսդրությունը, առաջին հերթին, պաշտպանում է մարդու իրավունքները, այլ ոչ թե տարածքներինը։ «Ադրբեջանական կողմի փորձերը աղավաղել օրենսդրությունը եւ հերքել այն, որ միջազգային օրենսդրությունը կոչված է պաշտպանել մարդու իրավունքները, զարմանալի չեն։  Չէ՞ որ հենց Ադրբեջանում համընդհանուր կերպով խախտվում են  սեփական քաղաքացիների իրավունքները, ավելորդ է խոսել մյուս պետությունների քաղաքացիների իրավունքների մասին»,–եզրափակել է նա։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.