Միջազգային օրենքների հանդեպ ՌԴ ոչ հարգալից վերաբերմունքը սպառնում է միջազգային կարգին. Փեննի Մորդոնթ

Մեծ Բրիտանիան Ռուսաստանին եւ Իրանին կոչ է անում իրենց ազդեցությունն օգտագործել սիրիական ռեժիմին բանակցությունների սեղան վերադարձնելու համար: Այս մասին Բրիտանիայի միջազգային զարգացման նախարար Փեննի Մորդոնթը հայտարարել է Բրյուսելում Սիրիայի հարցով համաժողովում ելույթ ունենալիս, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով նախարարության տարածած հայտարարությունը: «Ակնհայտ է, որ սիրիական ռեժիմը եւ նրա կողմնակիցները՝ Ռուսաստանը եւ Իրանը,  կփորձեն արգելափակել ցանկացած դիվանագիտական ջանք՝ ուղղված ռեժիմին պատասխանատվության ենթարկելու իր՝ դատապարտության արժանի ապօրինի գործողությունների համար»,- նշել է Մորդոնթը՝ պարզաբանելով, որ սա էլ եղել է վերջերս սիրիական օբյեկտներին հասցված ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի ավիահարվածների պատճառը: «Միջազգային նորմերի եւ օրենքների հանդեպ Ռուսաստանի ոչ հարգալից վերաբերմունքը համաշխարհային կարգին լուրջ սպառնալիք է ներկայացնում, որի վրա մենք հենվում ենք հանուն հավաքական անվտանգության: Սիրիայի հարցում ՄԱԿ-ում վետոյի իր իրավունքը 12 անգամ օգտագործելով՝ Ռուսաստանն Ասադին թույլ է տալիս մարդու իրավունքների ոլորտում վայրագություններ կատարել սեփական ժողովրդի նկատմամբ»,- նշել է բրիտանացի նախարարը: Մորդոնթն իր ելույթում Սիրիայի անհապաղ հաշտեցման եւ երկիր բժիշկների ու հումանիտար օգնության անխոչընդոտ հասանելիության ապահովման կոչ է արել: Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել ՄԱԿ միջնորդությամբ կարգավորման գործընթացին որպես խաղաղության բերող առավել ճիշտ ճանապարհ: Մենք ողջունում ենք բանակցությունների հարցով Սիրիական հանձնաժողովի հայտարարությունները խաղաղությանը եւ ռեժիմի հետ առանց նախապայմանների ուղիղ բանակցություններին իր պատրաստակամության մասին»,- նշված է հաղորդագրության մեջ: Նա Մոսկվային եւ Թեհրանին կոչ է արել Սիրիայի իշխանությունների վրա ազդեցություն գործել բանակցությունների մեկնարկին նպաստելու համար: «Մենք Ռուսաստանին եւ Իրանին կոչ ենք անում օգտագործել իրենց ազդեցությունը, որ սիրիական ռեժիմին բանակցային սեղան վերադարձնեն: Որքան երկար դանդաղեն, այնքան Սիրիայում ավելի շատ մարդ կզոհվի, եւ այնքան շատ դժբախտություն ու ավերածություն կլինի»,- հավելել է Մորդոնթը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.