Ոստիկանության պարզաբանումը՝ ցուցարարներին միացած ոստիկանների մասին

Այսօր ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ ոստիկանության ծառայողները միանում են ցուցարարներին և ուղիղ եթերում մեկ ոստիկան՝ Գարիկ Թովմասյանը հայտնեց ցուցարարներին միանալու մասին: Tert.am-ը ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից պարզաբանում խնդրեց ոստիկանության ծառայողների՝ ցուցարարներին միանալու հրապարակումների և ոստիկան Գարիկ Թովմասյանի միանալու վերաբերյալ: Ոստիկանության լրատվական վարչությունից ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանն ասաց, որ խոսքը Գավառի բաժնում որպես անչափահասների գործերով ընտանիքում բռնության կանխարգելման տեսուչ, ոստիկանության կապիտան Գարիկ Թովմասյանի մասին է: «Թովմասյանի ընտանիքի բոլոր անդամները բնակվում են ԱՄՆ-ում և ինքն էլ, ըստ գործընկերների՝ մասնակցել է «գրին քարտի» խաղարկությանը և երևի այդ քայլով փորձել է, ըստ իրեն, «հալածյալի» կարգավիճակով միանալ ընտանիքին:
Ինչևէ, նա ոստիկանապետի հրամանով հեռացվել է համակարգից»,- հայտնեց նա։ Դիտարկմանը, թե հայտարարություններ կան, լուսանկարներ նույնպես, որ ոստիկաններ են միացել շարժմանը, լրատվական վարչությունից հղում արեցին Աշոտ Ահարոնյանի գրառմանը, որտեղ ասվում է, որ սոցցանցի որոշ օգտատերեր ոստիկանության ծառայողների անձնական էջերից կամ ոստիկանության պաշտոնական կայքից վերցնելով ոստիկանության ծառայողների լուսանկարները` դրանք օգտագործում են ապատեղեկատվություն տարածելու և կեղծ մթնոլորտ ստեղծելու համար:  
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.