Արմեն Սարգսյանն արձագանքել է իմ կոչին. Կարեն Կարապետյան

Կարծում եմ՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն արձագանքել է իմ կոչին: Այս մասին այսօր՝ ապրիլի 25-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը՝ անրադառնալով նախօրեին իր կողմից արված հայտարարությանը, թե դիմել է Հայաստանի Հանրապետության նախագահին իր նախընտրած ձեւաչափով կազմակերպելու հանդիպում խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի լայն սպեկտրի մասնակցությամբ` քննարկելու ստեղծված ներքաղաքական իրավիճակը եւ հնարավոր հանգուցալուծման ուղիները` ընդհուպ մինչեւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում: «Արմեն Սարգսյանի հետ առավոտյան խոսել եմ, ինքն էլ է անհանգիստ այս վիճակից, կարծում եմ՝ բացի արձագանքելուց, ինքն անձնական հեռախոսազրույցներ, հանդիպումներ կունենա: Հուսով եմ՝ քաղաքացիներն էլ քաղաքական ուժերին կդրդեն նստել բանակցությունների եւ լուծումներ գտնել: Մենք այլ տարբերակ չունենք, եթե մենք լուծում չգտնենք, դա անդրադառնալու է բոլորիս վրա՝ աշխատավարձ, թոշակ, զբոսաշրջիկ, ներդրումներ»,- ասաց Կարեն Կարապետյանը: Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժման 11 օր տեւած բողոքի ակցիաներից հետո, ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել: Փաշինյանը հայտարարել էր, որ ապրիլի 25-ին իշխանությունների հետ շարունակելու են բանակցությունները՝ իշխանության անցնցում փոխանցման շուրջ, սակայն ապրիլի 24-ի երեկոյան պարզ դարձավ, որ հանդիպումը չի կայանա: Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ Փաշինյանը միակողմանի նոր պահանջներ է առաջադրել: Փաշինյանն իր հերթին հայտարարել է, որ վերսկսում են բողոքի գործողությունները, քանի որ ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի հրաժարականի գնով ուզում է պահպանել իշխանությունը: Փաշինյանը կոչ է արել այսօր՝ ապրիլի 25-ին վերսկսել քաղաքացիական անհնազանդության ակցիաները եւ թույլ չտալ, որ ՀՀԿ-ն մնա իշխանության:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.