ՀՀ-ում հատուկ կացության կարգավիճակի տրամադրման մերժումը բողոքարկելու հնարավորություն կլինի

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագծով առաջարկվում է օտարերկրացիներին հատուկ կացության կարգավիճակ տրամադրելու լիազորությունները ՀՀ նախագահից փոխանցել ՀՀ վարչապետին: Օրենքի նախագիծը հանձնաժողովի անդամների քննարկմանը ներկայացրեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը: «Նախագծով առաջարկում ենք նաև վերացնել հատուկ կացության կարգավիճակ տրամադրելու դիմումի մերժումը բողոքարկելու արգելքը»,-  նշեց Եղիազարյանը: Նա հավելեց, որ առաջին ընթերցմամբ հարցի ընդունումից հետո պատգամավորների կողմից առաջարկներ չեն ներկայացվել, սակայն կառավարության կողմից կատարվել են որոշակի փոփոխություններ հատուկ կացության կարգավիճակ տրամադրելու դիմումի մերժումը բողոքարկելու իրավունքը օրենքում հստակ սահմանելու համար: ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանըհետաքրքրվեց՝ ինչո՞ւ է կառավարությունը ցանկանում հատուկ կացության կարգավիճակ ստանալու դիմումի մերժումը բողոքարկելու հնարավորություն տրամադրել: Վարդան Եղիազարյանն ընդգծեց, որ նախկինում նման հնարավորություն չի եղել, այդ հարցը բաց է մնացել, ուստի որոշել են գնալ նման կարգավորման: Այնուհետև Գևորգ Կոստանյանը հարցրեց՝ հատուկ կացության կարգավիճակը մարդո՞ւ, թե՞ պետության իրավունքն է, ինչին ի պատասխան Վարդան Եղիազարյանն ասաց, որ դա պետության իրավունքն է: «Շատ լավ, եթե դուք, օրինակ, դիմում եք որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու համար և տվյալ պետության դեսպանատունը մերժում է ձեզ, դուք բողոքարկո՞ւմ եք ձեզ վիզա չտրամադրելու որոշումը»,- հարցրեց Կոստանյանը: Վարդան Եղիազարյանը նշեց, որ հարցի առաջին ընթերցմամբ քննարկման ժամանակ ինքն է նույն օրինակը բերել, որ ԱՄՆ վիզա ստանալու համար երբ մերժում են, որևէ պարզաբանում չեն ներկայացնում: «Սակայն այստեղ խնդիրը նրանում է, որ մարդը կարող է հետագայում ևս նպատակ ունենալ հատուկ կացության կարգավիճակ ստանալ, գոնե պետք է պարզաբանվի, թե ինչ հիմքերով են նրան մերժել»,- ընդգծեց փոխոստիկանապետը: Գևորգ Կոստանյանը հակադարձեց, որ բողոքարկումն ու պարզաբանումը տարբեր բաներ են: «Դուք կարող եք մերժել պարզաբանմամբ, թեև կարող եք պարզաբանում ընդհանրապես չտալ: Դրա համար ցանկանում եմ հասկանալ՝ ինչո՞վ է այս փոփոխությունը պայմանավորված»,- հարցրեց պատգամավորը: Նա հավելեց, որ բողոքարկման ինստիտուտը քաղաքացուն տրվում է, որպեսզի նա պաշտպանի իր իրավունքները: «Քաղաքացին ունի իրավունք, այդ իրավունքը խախտվել է, և պետությունները նրան օրենքով իրավունք են տալիս, որպեսզի նա բողոքարկի և վերականգնի իր իրավունքները: Հատուկ կարգավիճակ տալը, ժամանակավոր կամ երկարաժամկետ մուտքի թույլտվություն տալը քաղաքացու իրավունքը չէ, դա պետության իրավունքն է: Մենք տալիս ենք բողոքարկման իրավունք, որ ինքը իր ո՞ր իրավունքը պաշտպանի»,- ասաց Կոստանյանը: Վարդան Եղիազարյանը պարզաբանեց, որ այսպես թե այնպես դա կապված է մարդու կացության հետ, մարդու իրավունքի խնդիր է ի հայտ գալիս: «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ կարծիք հայտնեց, որ մուտքի արտոնագիր ստանալը և հատուկ կացության կարգավիճակ ստանալը նույն հարթության մեջ չպետք է դիտարկվի: Գևորգ Կոստանյանը շարունակեց պնդել, որ հատուկ կացության կարգավիճակ տրամադրելը պետության իրավունքն է, ուստի բողոքարկելու հնարավորություն տալու կարիք չկա, սակայն շեշտեց, որ դեմ չէ, եթե Հայաստանի կառավարությունը որոշել է լինել ավելի ազատական, քան կարելի է: Ի վերջո, քննարկումների արդյունքում կողմերը եկան վերջնական համաձայնության և հանձնաժողովի բոլոր անդամները կողմ քվեարկեցին նախագծին՝ ընդգրկելով այն Ազգային ժողովի լիագումար նիստերի օրակարգում:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.