Կիրականացվի ռազմական կրթության, ուսուցման, վերապատրաստման համակարգի վերափոխում

Արդյունավետ ռազմական կառավարման համակարգ և կատարելագործված մարտական վարպետություն. «Հայաստանի Զինված ուժերի 2018-2024 թվականների արդիականացման ծրագրի» հիմնական դրույթներից է: Նպատակին հասնելու համար կիրականացվի պետական ու ռազմական կառավարման համակարգերի ներդաշնակեցում:Ներդրվելու է նոր միասնական ավտոմատացված կառավարման համակարգ: Մարտական վարպետության կատարելագործման կարևոր բաղկացուցիչ է անձնակազմի բարոյահոգեբանական պատրաստության և կարգապահության բարձրացումը: Այդ նպատակով պլանավորվում է մշակել բարոյահոգեբանական պատրաստության ծրագիրը և գնահատման համակարգ, որը կներառի անհատական և ստորաբաժանումների կազմով այնպիսի ունակությունների ձևավորումը, որոնք կնպաստեն ժամանակակից մարտի պայմաններում տարբեր բարդությունների մարտական խնդիրների ինքնուրույն կատարմանը, այդ թվում՝ գլխավոր ուժերից անջատ, առաքելության գիտակցմամբ, նախաձեռնողականության ցուցաբերմամբ: Մարտական վարպետության կատարելագործման նպատակով նախատեսվում է բարձրացնել նաև զինված ուժերում արհեստավարժ անձնակազմի մասնաբաժինը: Նախատեսվում է ներդնել մարտական գործողությունների նմանակման, մոդելավորման ու խաղարկման վարժասարքեր, որոնք թույլ կտան զորավարժություններ ու վարժանքներ իրականացնել՝ ընդհուպ բանակային կորպուսների և ամբողջ զինված ուժերի կազմով: Կիրականացվի ռազմական կրթության, ուսուցման, վերապատրաստման համակարգի վերափոխում: Այդ նպատակով պլանավորվում է ձևավորել բարձրագույն, հետբուհական և լրացուցիչ կրթության ծրագրերով ու դասընթացներով համընդգրկուն, ինքնաբավ և միջազգայնորեն մրցունակ ազգային ռազմակրթական կարողություններ: Կընդլայնվեն նաև զինված ուժերում ենթասպայական կազմի պատրաստման կարողությունները, հանրակրթության ոլորտում կձևավորվի միջին մասնագիտական կրթություն պահանջող մասնագիտությունների ուղղությամբ պետական պատվեր: Զուգահեռաբար նախատեսվում է ներդնել ռազմական կրթության և անձնակազմի առաջխաղացման փոխկապակցված, էլեկտրոնային և թափանցիկ համակարգ, որը կընդգրկի գործող բանակն ու ակտիվ պահեստազորը: Ներդրվող համակարգը նպատակ է հետապնդում օպտիմալացնել մարդկային ռեսուրսների կառավարումը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.