Ոստիկանությունը հայտնաբերել է արվեստի դպրոցից մեկ մլն դրամի երաժշտական գործիքներ գողացած անձին

Ոստիկանությունը հայտնաբերել է Քուշնարյանի անվան արվեստի դպրոցից երաժշտական գործիքներ գողացած անձին: Նա Արմավիրի մարզի Փարաքար գյուղում ապրող 25-ամյա Ռազմիկ Խաչատրյանն է:  Ինչպես  տեղեկացրին ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, վերջինս արվեստի դպրոցից գողացել է չորս դհոլ, երկու քանոն, երկու խոսափող, մեկական բարձրախոս, սանթուր ու լարային գործիք։ Նախնական տվյալներով՝ պատճառվել է մեկ միլիոն դրամից ավելի վնաս։ Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները երիտասարդին հայտնաբերել են Էրեբունու փողոցում ու, երաժշտական գործիքով հանդերձ, բերման ենթարկել բաժին։ Տան խուզարկությամբ հայտնաբերվել են արվեստի դպրոցից գողացված մյուս երաժշտական գործիքները։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Կենտրոնի ոստիկանները հանցագործությունը բացահայտելուց հետո Ռազմիկ Խաչատրյանին ներկայացրել են գործի քննությունն իրականացնող Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ Խաչատրյանը ստորագրությամբ բաց է թողնվել։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.