Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-փետրվարին աճել է 8.6 տոկոսով

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2018 թվականի հունվար-փետրվարին 8.6 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:  ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել է երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: Անկում է գրանցվել միայն գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալներում: Ընթացիկ տարվա երկու ամսվա ցուցանիշներով շինարարության ոլորտում աճը կազմել է 22.7 տոկոս` 21 միլիարդ 643 միլիոն դրամ: Էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում 2018 թվականի հունվար-փետրվարի ցուցանիշը 3.5 տոկոսով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: 2017 թ. երկու ամսվա համեմատ` այս տարի ծառայությունների ծավալն (առանց առևտրի) աճել է 15.1 տոկոսով` կազմելով 225 միլիարդ 686.2 մլն դրամ: Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը նվազել է 0.1 տոկոսով` կազմելով 45 մլրդ 332.1 մլն դրամ: Սպառողական գների ինդեքսը ընթացիկ տարվա հունվար-փետրվարին ավելացել է 3.1 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը` 4.4 տոկոսով: Առեւտրի շրջանառությունն ավելացել է 17.4 տոկոսով և կազմել 395 միլիարդ 062.3 մլն դրամ: Արդյունաբերական արտադրանքի ծավալը` 254 միլիարդ 703.5 միլիոն դրամ է, ինչը 8.3 տոկոսով ավելի է 2017-ի հունվար-փետրվարի համեմատ: Միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 8.9 տոկոսով (197  հազար 850 դրամ): Պետական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 167 հազար 364 դրամ, նախորդ տարվա համեմատ աճելով 8.6 տոկոսով, իսկ մասնավոր հատվածում կազմել է 226 հազար 459  դրամ` աճելով 4.7 տոկոսով: Արտաքին ապրանքաշրջանառության ծավալները 2018-ի հունվար-փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 43.2 տոկոսով (1 միլիարդ 098.4 միլիոն ԱՄՆ դոլար), ընդ որում` արտահանումն աճել է 41 տոկոսով (386.9 մլն դոլար), իսկ ներմուծումը` 44.4 տոկոսով (711.5 մլն դոլար): Դրամի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ 2018-ի հունվար-փետրվարին եղել է 481.88: Բոլոր բացարձակ ցուցանիշները ներկայացված են ընթացիկ գներով:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.