«Ժամանակ». Սերժ Սարգսյանի յուղը՝ կրակին. ՔՊ-ն գնում է հրապարակ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը «Ելք» դաշինքի երեք ուժերից մեկն է, հայտարարել է Սերժ Սարգսյանի իշխանավարության դեմ հանրահավաքային շարժում ծավալելու մտադրության մասին, որի «ճանապարհային քարտեզը» կներկայացնի մարտի 31-ին: ՔՊ-ն, փաստորեն, չստանալով «Ելք»-ի մյուս երկու ուժերի հավանությունը, հայտարարում է իր «ճանապարհային քարտեզի» մասին: Ընդ որում՝ այդ մասին հայտարարվում է Սերժ Սարգսյանի հայտարարությունից մի քանի ժամ անց, որը դե ֆակտո Սարգսյանի վարչապետության մասին էր:   Այդպիսով, նախ գուցե հնարավոր է արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանն իր մասով մերժում է երիտասարդ լիդերների վերաբերյալ Սերժ Սարգսյանի անուղղակի առաջարկը, որ նա, այսպես ասած, հրապարակավ արել էր ընդհանրապես խոսելով իր վարչապետության, այսպես ասած, առանցքային նպատակի մասին՝ անկախ կուսակցական պատկանելությունից և քաղաքական դիրքավորումից, կերտել երիտասարդ լիդերներ: Հետաքրքիր է, Սարգսյանի այդ հայտարարությանն ինչպես կվերաբերվի «Ելք»-ի մեկ այլ երիտասարդ առաջնորդ՝ Էդմոն Մարուքյանը, որը չի ուզում գնալ հրապարակ, և արդյոք սա արդեն իսկապե՞ս կլինի «Ելք»-ի վերջի սկիզբը կամ պարզապես վերջը:   Մյուս կողմից՝ ստացվում է հետաքրքիր իրավիճակ այն առումով, որ Սերժ Սարգսյանը, փաստորեն, յուղ է լցնում այն կրակին, որ փորձում են նրա վարչապետության հեռանկարով բորբոքել հրապարակում գործողություն պլանավորող ուժերը: Ըստ էության, ստացվում է, որ Սերժ Սարգսյանն արդարացնում է նրանց, այսպես ասած, մտահոգությունը, թեև հասկանալի է, որ նրա վարչապետությունն, ըստ էության, կախված չէր հրապարակից, և վաղ թե ուշ այդ մասին պետք է հայտարարվեր:   Սակայն խնդիրն այն է, որ հայտարարելով, ըստ էության, հիմա, Սերժ Սարգսյանը կարծեք թե նպաստում է, որ մարդիկ ավելի շատ գնան հրապարակ: Ի՞նչ հաշվարկ է դա, և Սերժ Սարգսյանի ինչի՞ն է պետք հրապարակի մարդաշատությունը: Մյուս կողմից, իսկ հրապարակը լինելո՞ւ է մարդաշատ, թե՞ հակառակը, և Սարգսյանը հենց այդ նկատառումով իսկ փորձում է իրավիճակը որոշակիացնել օր առաջ՝ այդպիսով հրապարակում պրոցեսներ խթանելու և ըստ այդմ՝ նաև փողոցում լեգիտիմություն ստանալու համար, որովհետև փոքրաթիվ հրապարակը ուղղակի կնշանակի, որ հանրության մեծամասնությունը դեմ չէ Սերժ Սարգսյանի վարչապետությանը»,-գրում է թերթը:   Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.