ՄԱԿ-ը մտահոգություն է հայտնել սիրիական Աֆրինում Թուրքիայի գործողությունների վերաբերյալ

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը մտահոգություն է հայտնել սիրիական Աֆրինում Թուրքիայի կողմից քրդերի դեմ իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության հետևանքով գրանցված քաղաքացիական զոհերի վերաբերյալ: Այս մասին հայտնում է թուրքական demokrathaber.org-ը: «Աֆրինից օդային և ցամաքային հարվածների հետևանքով գրանցված քաղաքացիական զոհերի և վիրավորների վերաբերյալ չափազանց անհանգստացնող լուրեր ենք ստանում»,-նշել է ՄԱԿ մարդու իրավունքների գերագույն  հանձնակատար Ռավինա Շամդասանը: «Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում Շամդասանը խիստ մտահոգություն է հայտնել նաև Աֆրինում թուրքական ռազմաօդային ուժերի կողմից հիվանդանոցի ուղղությամբ հարվածներ հասցնելու դեպքի վերաբերյալ: «Աֆրինից հեռանալ ցանկացող քաղաքացիներին պետք է թույլ տրվի հեռանալ, իսկ մնալ ցանկացողներին էլ պետք է պաշտպանել: Տարբեր աղբյուրների փոխանցմամբ` Թուրքական ուժերի վերահսկողության հետևանքով Աֆրինում խմելու  ջրի լուրջ խնդիր էլ է առաջացել»,- նշել է Շամդասանը: Թուրքիայի ռազմաօդային ուժերը սիրիական Աֆրինում հարվածներ են հասցրել հիվանդանոցի ուղղությամբ: Հիվանդանոցի աշխատակիցը գործակալությանը հայտնել է, որ հիվանդանոցն ավիահարվածների հետևանքով նյութական լուրջ վնասներ է կրել: Աղբյուրը նշել է, որ թուրքական օդուժի հարվածների հետևանքները խոչընդոտում են հիվանդանոցի աշխատակիցներին օգնություն ցուցաբերել վիրավոր խաղաղ բնակիչներին:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.